Սեպտեմբերի 5-ին ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի Խելացի գյուղատնտեսության կենտրոնում հանդիսավորությամբ բացվեց Մեքենասարքավորումների ուսումնական եւ վերապատրաստման կայանը։ Արարողությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, Սյունիքի նախկին մարզպետ, ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը, Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը, Սիսիանի տարածաշրջանի ֆերմերներ, մասնաճյուղի ուսանողներ ու դասախոսներ։
Կայանը կառուցվել է Ճապոնիայի դեսպանության ֆինանսավորմամբ եւ ծառայելու է ուսանողների գործնական հմտությունների զարգացման եւ տարածաշրջանում գործող մեխանիզատորների վերապատրաստման, համայնքի ու մարզի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին։ Ծրագիրը մեկնարկել է 2021 թ․ հոկտեմբերին։ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղին պատկանող 1,5 հա հողատարածքի վրա կառուցվել է 203 քառ․ մ ընդհանուր մակերեսով շինություն՝ գյուղտեխնիկայի նորոգման, տեխնիկական սպասարկման, կայանման, պահեստամասերի պահպանման հնարավորություններով, գրասենյակային հատվածով։ Դեսպանությունը հոգացել է նաեւ տեխնիկայի եւ գյուղգործիքների ձեռք բերման ծախսերը։
Երկրորդ տարին է, ինչ Ագրարային համալսարանը կառուցում է խելացի գյուղատնտեսության կենտրոն․ արդեն ավարտին են հասցվել մեքենատրակտորային կայանի, խելացի անասնաշենքի, ինտենսիվ այգու եւ առաջին ջերմատան շինարարական աշխատանքները։ Շարունակվում են մյուս ենթակառույցների նախագծման եւ նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին ներկաներին տեղեկացրեց Սիսիանի մասնաճյուղի տնօրեն Գագիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ աշխարհաքաղաքական ներկա բարդ պայմաններում, երբ վտանգված են մեր երկրի սահմանները, պետք է անդուլ աշխատել ու արարել, եւ նորաստեղծ կենտրոնը մեծապես կօգնի սյունեցիներին այս առումով։ Այն նորություն է գյուղատնտեսական մասնագիտությունների ուսուցանման ոլորտում ոչ միայն մարզում, այլեւ ամբողջ երկրում։ «Այստեղ են ձեւավորվելու ձեր եւ ձեզանից հետո եկող ուսանողների ունակություններն ու կարողությունները», – դիմելով մասնաճյուղի ուսանողներին՝ ասաց պարոն Խաչատրյանը։
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի ողջույնի խոսքը, որ հայերեն էր, ջերմ էր եւ սրտառուչ։ Նա Ճապոնիայի կառավարության անունից շնորհավորեց ներկաներին ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ։ «Սա իսկապես կարեւոր համատեղ ծրագիր է, որն իրականացվել է Ճապոնիայի դեսպանության եւ Ագրարային համալսարանի համագործակցությամբ։ Ուրախ եմ հայտարարել, որ Մարդկային անվտանգության Grassroots ծրագրի շրջանակում դրամաշնորհային օժանդակություն է տրամադրվել ՀԱԱՀ-ին, որն օգնելու է բարելավել գյուղատնտեսության արտադրողականությունը՝ ավելացնելով ավելի քան 250 ֆերմերի եկամտաբերությունը, ինչպես նաեւ նպաստելու է գյուղատնտեսական կրթության որակի բարելավմանը Սյունիքի մարզում»,- ասաց դեսպան Ֆուկուշիմա։
Իրադարձությունը Սիսիանի համար «պատմական» որակեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը․ «Մենք բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտը զարգացման շատ մեծ ներուժ ունի, բայց գործընթացները ոչ միշտ եւ ոչ բոլոր տեղերում են ընթանում ցանկալի տեմպով, որակով եւ արագությամբ։ Իսկ Սյունիքի մարզում գյուղատնտեսական ոլորտի զարգացումը օրակարգային եւ հրատապ խնդիր է, եւ խնդրի լուծումը առանց որակյալ մասնագետների պատկերացնել անգամ չենք կարող։ Բայց գյուղատնտեսության վարման ավանդական ձեւը շարունակում է խոչընդոտներ առաջացնել մեզ համար։ Ամենամեծ խնդիրը, որին բախվում ենք, մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների պակասն է։ Այս առումով ծրագրի կարեւորությունը գերագնահատել չենք կարող»։ Մարզպետ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի դեսպանությանը, անձամբ դեսպան Ֆուկուշիմային, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանին, Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանին եւ բոլոր աջակից կազմակերպություններին՝ տարածաշրջանի համար պատմական կարեւորություն ունեցող ձեռնարկի համար։
«Սիսիան համայնքը միշտ պատրաստ է կանգնել նման նախաձեռնությունների կողքին»,-շնորհակալություն հայտնելով ծրագրի իրականացման համար՝ նշեց համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը, որն իր հերթին օգտակար աջակցություն է ցուցաբերել ծրագրի իրականացման գործում։
Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցն իր ելույթում նշեց․ «2019-22 թթ․ մեծ սիրով ու պատասխանատվությամբ եմ ղեկավարել ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղը, եղել Ագրարայինի մեծ ընտանիքի մասնիկը։ Երբ 2021 թ․ մտահղացվեց այս գեղեցիկ գաղափարը, մի փոքր անհավանական էինք համարում իրականացումը, բայց շնորհիվ մի շարք մարդկանց ու կազմակերպությունների՝ այս գաղափարն իրականություն է դառնում։ Շնորհավորում եմ սյունեցիներին, սիսիանցիներին, այն երիտասարդներին, որոնք այստեղ պիտի կրթվեն եւ իրենց տեսական գիտելիքները լրացնեն գործնական հմտություններով»։
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը ջերմորերն շնորհավորեց ներկաներին, հատկապես մասնաճյուղի ուսանողներին եւ մասնավորապես նշեց․ «Մեքենասարքավորումների ուսումնական կայանը առաջին ենթակառույցն է, որով ընթացք տրվեց խելացի գյուղատնտեսական կենտրոնի ստեղծման աշխատանքներին։ Շատ դժվար ճանապարհ անցանք այս կենտրոնի ստեղծման եւ կայացման առումով՝ քովիդ, պատերազմ, որոշակի տեխնիկական դժվարություններ։ Այսօր բացում ենք այս շատ կարեւոր ուսումնական եւ վերապատրաստման կենտրոնը։ Այն իր ուրույն դերն ու նշանակությունն է ունենալու մարզի գյուղատնտեսության ընդհանուր զարգացման համատեքստում։ Այո, մենք շատ դժվար ժամանակներ ենք ապրում, սակայն մենք համառորեն շարժվելու ենք առաջ, զարգացնելու ենք գյուղատնտեսությունը, ամրացնելու ենք մեր երկիրը։ Նման ծրագրերով է, որ մենք հզորանալու ենք։ Սա ներդրում է մեր երկրի ապագայի մեջ։ Այստեղ վերապատրաստվելու, կրթվելու են ուսանողներ, ինչպես նաեւ ֆերմերներ, այստեղ գործածվող նորարարական տեխնոլոգիաները տարածելու ենք ամբողջ մարզում, ինչպես նաեւ հարակից մարզերում»։
Ռեկտոր Ուռուտյանը խորհրդանշական նվերներ եւ շնորհակալագրեր հանձնեց Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմային, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանին, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցին։
Ցուցանակը բացելուց հետո միջոցառման մասնակիցները շրջեցին տարածքում, ծանոթացան կայանի հագեցվածությանն ու հնարավորություններին։
- 06/09/2023
- 2023