Հոկտեմբերի 21-ին ՀԱԱՀ-ի Շիրակի ակադեմիկոս Մ.Գ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում կայացավ միանգամից երկու ենթակառույցի՝ կաթի վերամշակման ուսումնական արտադրամաս-լաբորատորիայի եւ Գիտելիքի նորարարական հաբի բացումը: Արտադրամասը կառուցվել է չեխական «Մարդը կարիքի մեջ» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության, իսկ հաբը՝ Կանաչ արահետ ՀԿ-ի հետ գործակցությամբ:
Երկու ենթակառույցները ստեղծվել են ոչ միայն քոլեջում դուալ կրթական համակարգի արմատավորման եւ ուսանողներին գործնական մասնագիտական գիտելիքներով զինելու, այլեւ մարզի երիտասարդության եւ ֆերմերների համար վերապատրաստման հնարավորություններ ընձեռելու նպատակով:
Բացման արարողությանը, Շիրակի մասնաճյուղի աշխատակազմի, նախագծերի շահառուների եւ ՀԱԱՀ ղեկավարության հետ հաճույքով մասնակցեցին նաեւ Շիրակի մարզպետարանի եւ Գյումրիի քաղաքապետարան ներկայացուցիչները:
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը, շնորհավորելով ներկաներին նոր ենթակառույցների բացման կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնելով գործընկերներին, նշեց, որ Գիտելիքի նորարարական հաբը լավ հարթակ է քոլեջի ուսանողների համար՝ սեփական ուժերով կարիքների գնահատում իրականացնելու եւ ստեղծագործական նախաձեռնություններով հանդես գալու համար: Պարոն Ուռուտյանը հավաստիացրեց, որ համալսարանն իր հերթին կներգրավի միջազգային գործընկեր եւ դոնոր կառույցների՝ լավագույն նախաձեռնությունները կյանքի կոչելու համար:
Կանաչ արահետ ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, որի հետ ռեկտոր Ուռուտյանը ստորագրեց համագործակցության հուշագիր, իր շնորհավորական խոսքում նշեց, որ բացվող նորարարական հաբը գալիս է լրացնելու միջին մասնագիտական կրթության ոլորտում արդիական գործիքակազմերի բացը:
Քոլեջի տնօրենի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշեց, որ ծրագիրն իրականացնելու համար ՀԱԱՀ քոլեջն ընտրվել է որպես Շիրակի մարզի միակ գյուղատնտեսական կրթական հաստատություն, որը կարող է միավորել մարզի երիտասարդությանը՝ կրթական, վերապատրաստման, գործընկերների ու պոտենցիալ գործատուների հետ փոխհարաբերություններ ու համագործակցություն զարգացնելու լավ հեռանկարով:
Կաթի վերամշակման ուսումնական արտադրամասի վերաբերյալ ռեկտոր Ուռուտյանը ընդգծեց դրա կարեւորությունը քոլեջում դուալ կրթության անցում կատարելու տեսակետից, որ հնարավորություն է տալու ուսանողների տեսական գիտելիքներն ամրապնդելու գործնական մասնագիտական փորձով:
Արտադրամասի պաշտոնական բացմանը նախորդել էր առաջին դասընթացը, որի մասնակիցների պատրաստած պանրի տեսականին հաճույքով համտեսեցին բացման մասնակիցները: Ինչպես տեղեկացրեց տիկին Գաբրիելյանը, դասընթացին մասնակցել է 18 մարդ, ներառյալ գործազուրկներ, բիզնեսը ընդլայնել ցանկացող ստարտափերներ եւ սկսնակ վերամշակողներ: Դասընթացավարները եղել են պանրագործ Լեռնիկ Հովհաննիսյանը եւ գործատուի՝ Աշոցքի պանրագործարանի ներկայացուցիչ Սերգեյ Մանուկյանը:
Գայանե Գաբրիելյանը հայտնեց նաեւ, որ առաջիկայում սպասվում է երրորդ նորարարական ենթակառույցի՝ հողի անալիզի լաբորատորիայի բացումը, որի շինվերանորոգման աշխատանքներն ավարտված են: Այս լաբորատորիան էլ ստեղծվում է ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության (EU GAIA) աջակցությամբ:
Շիրակի ակադեմիկոս Մ.Գ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի նորացումը թվարկված նախագծերով չի սահմանափակվում, սակայն ամեն ինչի մասին՝ իր ժամանակին: