Շարք է մտել Կաթնամթերքի վարպետաց դպրոցը. ուսանողների առաջին խումբը կլինի Արցախից

Ագրարային համալսարանի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում այսօր՝ նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ Կաթնամթերքի վարպետաց դպրոցի բացումը՝ ԿԳՄՍ եւ Էկոնոմիկայի փոխնախարարների, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանողների, դասախոսների մասնակցությամբ:

Վարպետաց դպրոցն իրականություն է դարձել շնորհիվ կրթության եւ գյուղատնտեսության ոլորտների զարգացման նվիրյալ գործընկերների՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի եւ բոստոնաբնակ ամուսիններ Ջուդիթ Սարյանի եւ Վիկտոր Զառուկյանի աջակցության: Դպրոցը ՌԶԳ «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում համալսարանում իրականացված առաջին նախագիծը չէ:

Բացման խոսքում ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, աջակցության համար շնորհակալություն հայտնելով գործընկերներին, ջերմորեն ողջունեց նախ եւ առաջ ուսանողներին: Այն ամենն, ինչ արվում է ուսանողների համար վերջին 3 տարվա ընթացքում՝ նպատակ ունի ապահովել արդիական գործնական կրթություն ստանալու, արագ փոխակերպվող մասնագիտական աշխատաշուկայում մրցունակ մասնագետ դառնալու անհրաժեշտ պայմաններ, ասաց պարոն Ուռուտյանը: Կաթնամթերքի վարպետաց դպրոցը համալսարանում շարք մտած հերթական նորարարական ենթակառույցն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները՝ ուսանողների փորձուսուցման, աշխատանքի (ռեկտորն ուսանողներին այստեղ երկար աշխատանքային օր «խոստացավ») եւ կեցության համար: «Ուսանողները Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում եւ Կաթնամթերքի վարպետաց դպրոցում զբաղված են լինելու կաթնամթերքի արտադրության բառացիորեն բոլոր փուլերով՝ կթից մինչեւ կաթնամթերքի արտադրություն եւ վաճառք»,- ասաց պարոն Ուռուտյանը, ուրախությամբ հավելելով, որ այստեղ փորձուսուցում անցնող առաջին խումբը լինելու է Արցախից՝ 14 ուսանող:

Ներկաներին եւ հատկապես ուսանողներին ողջունեցին եւ շնորհավորեցին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը եւ ՌԶԳ ՀԿ-ի տնօրեն Մկրտիչ Այվազյանը՝ դպրոցի հիմնումը կարեւոր համարելով որպես երկրի համար գերակա գյուղատնտեսության ոլորտի կրթության զարգացման՝ կառավարության նորօրյա ռազմավարության իրականացման առարկայական քայլ: Պետական պաշտոնյաները շնորհակալություն հայտնեցին Ագրարային համալսարանի գործընկերներին՝ ՌԶԳ-ին եւ ամերիկահայ բարերարներին, ինչպես նաեւ ռեկտոր Ուռուտյանին՝ Ագրարային համալսարանը ագրոտեխնոլոգիական կրթության գերազանցության կենտրոն դարձնելու իր գաղափարը հետեւողականորեն իրականացնելու համար: Տեղին է նշել, որ վերջին մեկ-երկու տարում համալսարանի համաշխարհային վարկանիշի բարձրացումը ամենեւին պատահական չէ:

Մասնակիցներն այնուհետ շրջեցին կաթնամթերքի արտադրամասում, ծանոթացան ժողովների սենյակներին, ուսանողների հանգստի սենյակներին, խոհանոցին: ՀԱԱՀ-ի Կաթնամթերքի վարպետաց դպրոցի առաջիկա գործունեության մասին ներկայացում արեց Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Մարինա Կարախանյանը: Այստեղ ուսանողները կարտադրեն թթու կաթնամթերքի տեսականի, պանիրներ, ապագայում՝ նաեւ այլ կաթնամթերք: Ինչպես տիկին Կարախանյանը նշեց, այստեղ ուսանողներին կտրվի ստեղծագործելու, նոր մթերքներ մշակելու ազատություն՝ փորձառու մասնագետների ուշադիր հայացքի ներքո:

Իրենք՝ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանողները Վարպետաց դպրոցում իրենց առաջիկա աշխատանքն ու դժվար, բայց հաճելի առօրյան սկսեցին լուսանկարվելով: