Համագործակցությունը՝ զարգացման նախապայման․նոր՝ չի նշանակում մի բան, որ երբեւէ չի արվել

Հոդվածի վերտառությունը Թումո լաբերի ծրագրերի պատասխանատու Բելլա Վասիլյանի պատասխանն է․ իսկ հարցնողը Ջրային եւ հողային ռեսուրսների ճարտարագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանն էր.

-«Նորարարական» եզրույթի գլխավոր բաղադրիչը նոր-ն է, իսկ ո՞րն է դրա չափելիությունը:

Իսկապես, փիլիսոփայական մի հարց, թե այս հին աշխարհում ինչպե՞ս պետք է զանազանենք ու զատենք նորը: Եւ Բելլա Վասիլյանի պատասխանը շատ հիմնավոր էր՝ ճիշտ հենքի վրա կառուցված. «Նոր է նաեւ այն գաղափարը, որը փորձում ես իրականացնել ավելի հեշտ ճանապարհով, որի վերջնարդյունքը ավելի մատչելի է, օրինակ՝ գյուղացու համար, եւ կիրառելի կլինի աշխարհի որեւէ կետում»:

Թումո լաբերը, որի շահառուները 18+ մարդիկ են, առանց վերին շեմի սահմանափակման, արդեն երկրորդ անգամ, ԱՄՆ դեսպանության աջակցությամբ AgreTech ծրագիր է նախաձեռնում՝ նվիրված գյուղատնտեսության հիմնախնդիրներին: Նպատակն է մեկ հարթակում համախմբել ագրարային ոլորտի եւ Թումո լաբերի՝ ՏՏ ասպարեզից խոր գիտելիքներ եւ հմտություններ չունեցող՝ «չծրագրավորող» մասնագետներին: Վերջինները կարող են  հզոր ծրագրակազմերի կիրառման շնորհիվ մոդելավորել խնդիրներն ու գտնել դրանց լավագույն լուծումները: Այստեղ ե´ւ գաղափարներ են ծնվելու, ե´ւ իրագործման կարճ–լավարկված ճանապարհներն են մատնանշվելու, ե´ւ շուկայի համակողմանի ուսումնասիրություն է իրականացվելու, ե´ւ թիմեր են ձեւավորվելու,    ե´ւ թիմային աշխատանքի շնորհիվ արդյունք է ստացվելու՝ շոշափելի-կիրառելի արդյունք:

Ծրագրին կարող են դիմել առցանց, մինչեւ օգոստոսի 1-ը, որին կհաջորդի հարցազրույցի փուլը (ծրագրի մանրամասներին ծանոթացեք՝ սկանավորելով վերեւում բերված QR-կոդը): Օգոստոսի 24-25-ին, 48-ժամյա միջոցառման, շփումների ընթացքում կձեւավորվեն աշխատանքային խմբերը: Մեկնարկը կլինի սեպտեմբերի 16-ին, 12 շաբաթ տեւողությամբ: Նախատեսվում են նաեւ շուկայաբանության, գործածարարության, անգլերենի դասընթացներ: Ծրագիրը հոգում է որոշ փոքր ծախսեր (օրինակ՝ մարզեր մեկնելու եւ տեղում կարիքները բացահայտելու նպատակով ապահովում են տրանսպորտով):

Համագործակիցության հետագա զարգացման համար խթան կհանդիսանա ՀԱԱՀ-ի կողմից ներկայումս իրականցվող «Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի ստեղծում» ծրագիրը, որի 3-րդ փուլի ավարտին պատրաստ կլինի նոր «Ռոբոտատեխնիկա եւ մեխատրոնիկա» կրթական ծրագիրը, որը Թումոյի սաներին նոր հնարավորություն կընձեռի 2025-2026 ուսումնական տարում դառնալ ՀԱԱՀ-ի ուսանողներ։

Թումո լաբերում շատ կարեւոր են համարում ագրարայինցիների հետաքրքրվածությունը եւ սպասում են նրանց մասնակցությանը:

Հանդիպման վերջում ներկաները հաճելիորեն զարմացած շեշտեցին. հյուրը՝ Բելլա Վասիլյանը, որ միջազգային շփումների, հաղորդակցման մեծ փորձ ունի՝ մաքուր – անխառն-անթերի հայերենո´վ փոխանցեց այս շատ կարեւոր տեղեկությունը: