ՀԱԱՀ մագիստրանտը հաղթող է ճանաչվել Ամերիա բանկի եւ VISA ընկերության «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթում

Ագրոնոմիական ֆակուլտետի «Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» մասնագիտության մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Վոլոդյա Թորոսյանը հաղթող է ճանաչվել Ամերիա բանկի եւ VISA ընկերության հայտարարած «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթում․ նա ֆինանսավորվող երեք հաղթող նախագծերից մեկի հեղինակն է։ Ընդհանուր 10 մլն ՀՀ դրամի ֆինանսավորումը կբաժանվի երեքի միջեւ։

Վոլոդյան Արարատի մարզի Եղեգնավան գյուղից է, որտեղ զբաղվում է այգեգործությամբ եւ բանջարաբուծությամբ։ Անհանգիստ, պատասխանատու եւ պրպտող բնավորությունը, համալսարանում ստացած մասնագիտակա գիտելիքները, հետազոտական եւ աշխատանքային որոշակի փորձառությունը, նաեւ համայնքային զարգացման հիմնախնդիրների լուծման վերաբերյալ համալիր պատկերացումները նրան առարկայորեն հանգեցրել են այն եզրակացության, որ մեր երկրի գյուղական համայնքների զարգացման, առհասարակ երկրի տնտեսական եւ ընկերային առաջընթացի ամենահզոր կռվաններից են նորարարական լուծումները։

ՀԱԱՀ մագիստրանտի ներկայացրած ծրագրով նախատեսվում է հողի անալիզի լաբորատորիայի հիմնում Եղեգնավանում, ինչպես նաեւ երկու հոգանոց՝ ագրոքիմիայի եւ գինու տեխնոլոգիայի մասնագետներից բաղկացած խմբի ստեղծում, որը կզբաղվի երկու ոլորտների խորհրդատվական եւ մշտադիտարկման աշխատանքներով՝ հասցեավորելով մշակության ոչ ճիշտ գործելակերպերի բերումով ոլորտի անարդյունավետության հաղթահարման խնդիրը։

«Ամերիա բանկի եւ VISA ընկերության հայտարարած մրցույթն աննախադեպ է իր բնույթով եւ նպաստելու է գյուղատնտեսության զարգացմանը եւ մեզ՝ ուսանողներիս ու երիտասարդ մասնագետների անձնական ու մասնագիտական աճին», – ասում է Վոլոդյա Թորոսյանը։ Նա համոզված է, որ իր ծրագիրը գյուղացու համար արտադրական ճիշտ որոշումներ կայացնելուն նպաստելու, հետեւաբար նաեւ՝ դրական փորձը առնվազն հարակից համայնքներում տարածելու ներուժ ունի։

Շնորհավորելով Վոլոդյային նշանակալի հաջողության համար, ինչպես նաեւ ընձեռած հնարավորության համար շնորհակալություն հայտնելով Ամերիա բանկին եւ VISA ընկերությանը՝ հույս ենք հայտնում, որ Վոլոդյան այլ աղբյուրներից կկարողանա հայթայթել իր օգտակար մտահղացումը լիարժեք կերպով իրականացնելու համար պակասող գումարը։

Բացի ֆինանսավորվող նախագծերից, մրցույթի կազմակերպիչները նախատեսել են նաեւ 50000-ական դրամ կրթաթոշակներ 160 ուսանողի համար, ինչպես նաեւ 10 լավագույն նախագծերի հեղինակների գործուղում միջազգային լավագույն բուհեր՝ ուսանողական ծրագիր իրականացնելու նպատակով։ Ի դեպ, ինչպես ավելի վաղ հաղորդել ենք ՀԱԱՀ ֆեյսբուքյան էջում, մրցույթի այս բաղադրիչում եւս 10 լավագույններից մեկը մեր բուհից է՝ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Երվանդ Արսենյանը։