Ագրոնոմիականը ողջունում է հեռակա ուսուցմամբ առաջին կուրս ընդունված ուսանողներին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Ագրոնոմիական ֆակուլտետի հեռակա համակարգի առաջին կուրս ընդունված ուսանողները հանդիպում ունեցան ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի, փոխդեկան Սասուն Մամաջանյանի, ամբիոնների վարիչների հետ։ Հեռակա ուսուցմամբ այս տարի մեր բուհի հիմնարար ֆակուլտետ է ընդունվել 120 ուսանող՝ տարբեր մարզերից եւ մայրաքաղաքից։

Գործնական մթնոլորտում անցած առաջին հանդիպումը ուսանողների համար պատեհ հնարավորություն էր ծանոթանալու միմյանց եւ ֆակուլտետի ղեկավարության հետ, հաղորդակից դառնալու ընտրած մասնագիտության ընձեռած հնարավորություններին։ Հանդիպման սկզբում դեկանի տեղակալ Սասուն Մամաջանյանը, ողջունելով առաջինկուրսեցիներին, ծանոթացրեց ուսումնական գործընթացին, կարգապահությանը, քննություններին, վարձավճարներին, զեղչերին առնչվող առանցքային հարցերին։

Այնուհետեւ դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը ջերմորեն ողջունեց Ագրոնոմիականի շարքերը համալրած ուսանողներին, խոսեց աշխատաշուկայում բարձր պահանջարկ վայելող ագրոնոմիական մասնագիտությունների կարեւորության մասին։ Այսօրվա աշխատաշուկայի պայմաններում ագրոնոմ մասնագետներն առնվազն երկու մեծ առավելություն ունեն՝ դիպլոմավորված բոլոր ագրոնոմներն իրենց երաշխավորված տեղն ունեն շուկայում բուն մասնագիտությամբ, իսկ կայացած մասնագետը ունենում է ՏՏ ոլորտի աշխատավարձերին համարժեք մրցունակ  վարձատրություն, հայտարարեց պարոն Տեր-Գրիգորյանը։ Իսկ մինչ այդ՝ ուսումնառության տարիներին, ինչպես հավաստիացրեց դեկանը, «յուրաքանչյուր ուսանող լինելու է դեկանատի հոգածության ներքո եւ ունենալու է դեկանատի աշխատակազմի, ֆակուլետի ուսանողական խորհրդի եւ առհասարակ ֆակուլտետի մեծ ընտանիքի կուռ պաշտպանությունն ու հոգատարությունը»։

Հեռակա ուսուցմամբ ֆակուլտետի առաջին կուրսում թափուր տեղեր չեն մնացել․ այս փաստը գոհունակությամբ նշեց դեկան Տեր-Գրիգորյանը եւ կոչ արեց հասուն մոտեցում հանդես բերել ուսումնական գործընթացին ներկայացվող պահանջներին։ «Մեր պարտականությունն է ապահովել ձեր որակյալ կրթությունը, ձերը՝ կրել ուսանող լինելու պատասխանատվությունը եւ սովորել»։

Դեկանը խոսեց նաեւ լավ սովորելու եւ բարձր որակավորմամբ մասնագետ դառնալու համար համալսարանում առկա պայմանների, միջազգային կրթական ծրագրերին, հետազոտական տարբեր ծրագրերի մասնակցելու լավագույն հնարավորությունների, աշխատանքային կիսամյակի, առկա ուսուցման համակարգ տեղափոխվելու, կազմակերպական որոշ հարցերի մասին։ Այս բոլորին էլ վերաբերում էին ուսանողների հարցերը, որոնք ստացան սպառիչ պատասխաններ։