Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վարժարանի ագրոնոմիական և տեխնոլոգիական հոսքերի 11-12 դասարանների մի խումբ աշակերտներ և ուսուցիչներ ՍԱՏՄ-ի հրավերով այցելել են տեսչական մարմին: Նախաձեռնությունը ՀՀ ԿԵ ՍԱՏՄ պետի խորհրդական Էլվիրա Միրզոյանինն էր և ՀՀ ԿԵ ՍԱՏՄ անասնաբուժության տեսչության պետի պաշտոնակատար Արթուր Մելիքյանինը:
Նրանց ընդունել և ողջույնի խոսք է ասել տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, որը ներկայացրել է տեսչության գործառույթները, որոնք հիմնականում իրականացվում են երեք ուղղություններով՝ բուսասանիտարիա, անասնաբուժական վերահսկողություն և սննդամթերքի անվտանգության սահմանային վերահսկողություն: Պարոն Ավետիսյանը հույս է հայտնել, որ աշակերտներից շատերը կընտրեն հենց սննդի անվտանգությանն առնչվող մասնագիտությունները:
Բովանդակալից ծրագրի շրջանակում դպրոցականներին իրազեկել են սննդի անվտանգությանն առնչվող խնդիրների մասին՝ որակյալ մասնագետներ և ավելի գրագետ սպառողներ ունենալու նպատակով:
Հետաքրքիր դասախոսությունից բացի անցկացվել է նաև խաղ-վիկտորինա: Հարցերին ճիշտ պատասխանողներն արժանացել են նվերների: Հետաքրքիր հարցադրումներ են եղել նաև աշակերտների կողմից: Համատեղ փորձել են փոքրիկ հմտություններ ձեռք բերել՝ որպես սպառող ճիշտ ընտրություն կատարելու համար:
Վերջում հյուրերն այցելել են նորագույն տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիաներ ու առարկայնորեն առնչվել շատերի համար ապագա մասնագիտությանը, որը գրեթե բոլորի համար նաև բացահայտում էր:
Այսօրվա աշխատաշուկայում սննդի անվտանգությանն առնչվող մասնագիտությունները խիստ պահանջարկվածների թվում են, ընդ որում՝ թե՛ պետական և թե՛ մասնավոր հատվածների համար, և բավականին բարձր աշխատավարձով: Պատահական չէ, որ ՍԱՏՄ ղեկավարը և ոլորտի պատասխանատուները աշակերտներին հորդորել են լավ սովորել և տիրապետել այդ մասնագիտություններին: