Այսօր՝ նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ Վայհենշտեֆան Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի նախաձեռնած Ռեկտորների հեռավար խորհրդաժողովը՝ շուրջ 30 երկրների շուրջ 40 գործընկեր համալսարանների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Մեր համալսարանից խորհրդաժողովին մասնակցում էին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի ղեկավար Անի Պետրոսյանը։
Խորհրդաժողովը, որը մեկնարկեց ՎԹԿԳ համալսարանի նախագահ դոկտ․ Էրիկ Վույեի ողջույնի խոսքով, քննարկեց գործընկեր համալսարաններում թագաժահրի համավարակով պայմանավորված իրավիճակին եւ դրա հաղթահարմանն ուղղված ռազմավարությանն ու աշխատանքներին, Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի միջազգային հավատարմագրման ու կրկնակի դիպլոմի տրամադրման աշխատանքների ընթացքին, Վայհենշտեֆանում անգլերեն լեզվով բակալավրիատի եւ մագիստրատուրայի ծրագրերի ներդրմանն առնչվող եւ հարակից հարցեր։
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը գործընկերներին ներկայացրեց արցախյան վերջին պատերազմով եւ համավարակով պայմանավորված լարված իրավիճակը Հայաստանում եւ իրավիճակով թելադրված այն միջոցառումները, որոնք իրականացվում են, մասնավորապես, Ագրարային համալսարանում՝ ուսումնական գործընթացը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու եւ համալսարանում ընթացող բարեփոխումների հաջող ընթացքը չխաթարելու համար։ Նա խոսեց առցանց այն գործիքների հաջող կիրառման մասին, որոնք մեզ թույլ են տալիս հնարավոր առավելագույն որակ ապահովել ուսումնաօժանդակ եւ գիտահետազոտական աշխատանքներում։
Վայհենշտեֆան Թրիսդորֆում գործընկեր համալսարանների դասախոսների եւ աշխատակիցների համար վերապատրաստման հնարավորությունների մասին խոսեց այդ համալսարանի միջազգային մագիստրոսական ծրագրերի պատասխանատու դոկտ․ Արամ Արիստակեսյանը։
Վայհենշտեֆան Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի հետ մեր համալսարանի երկարամյա գործընկերությունը վերջին մեկ-երկու տարում առավել նպատակային ու որակապես նոր փուլ է թեւակոխել, մասնավորապես՝ շնորհիվ անցյալ տարի կրկնակի դիպլոմ շնորհելու վերաբերյալ երկու համալսարանների միջեւ կնքված հուշագրի շնորհիվ։ Այս պահին ՀԱԱՀ 6 ուսանողներ սովորում են Վայհենշտեֆանի Ագրարային մենեջմենթ կրթական ծրագրի մագիստրատուրայում։