Ուսումնական գործընթացը կկազմակերպվի հիբրիդային եղանակով

Սիրելի ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական գործընթացը կկազմակերպվի հիբրիդային եղանակով՝ առկա և հեռավար:

Դասերի մեկնարկը.

  1. Բակալավրի առկա կրթական ծրագրով սովորող 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կուրսերի, միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող 2-րդ, 3-րդ, 4-րդ կուրսերի (քոլեջ) և առկա մագիստրատուրայի կրթական ծրագրով սովորող ուսանողների համար դասերի մեկնարկը սեպտեմբերի 15-ից է։ Միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող 1-ին կուրսերի ուսանողների համար՝ դասերի մեկնարկը սեպտեմբերի 14-ից:

Մագիստրատուրայի դասերը կազմակերպվելու են երեկոյան ժամերին՝ ժամը 18:30-ից սկսած:

  1. Ուսանողները և աշխատակիցները պարտավոր են պահպանել հետևյալ հակահամաճարակային կանոնները.
  • Համալսարան մուտք գործելիս անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն:
  • Համալսարան մուտք գործելիս կկատարվի անհատական ջերմաչափում: Բուհը կունենա ուսանողների և աշխատակիցների ջերմաչափման մատյան, որտեղ կգրանցվեն միայն ռիսկային ջերմաստիճան ունեցող ուսանողների և բոլոր աշխատակիցների տվյալները:
  • Դիմակ կրելը պարտադիր է համալսարան մուտք գործելիս և համալսարանում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում․ բացառություն են կազմում քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք՝ պայմանով, որ վերջիններս իրենց հետ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ։

Դասացուցակները և ուսումնական գործընթացին առնչվող  տեղեկատվությունը կտեղադրվեն ՀԱԱՀ պաշտոնական կայքում և պաշտոնական ֆեյսբուքյան էջում: