Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020-2021 ուստարվա համար հայտարարում է մրցույթ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (11 կրթաթոշակային տեղ՝ բակալավրիատ` 4, մագիստրատուրա` 5, ասպիրանտուրա` 2)։
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող օտար լեզուներին տիրապետող ՀՀ քաղաքացիները։
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար։
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.
- դիմում և դիմում-հարցաթերթիկ, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը
- չինական կողմից ներկայացված հարցաթերթիկ
- ավարտական փաստաթղթի՝ ատեստատի կամ/և դիպլոմի, դիպլոմի հավելվածի (միջուկի), պատճենները՝ անգլերեն կամ չինարեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ,
- ավարտական դասարանում սովորողները՝ առաջադիմության թերթիկ (ակադեմիական տեղեկագիր) նոտարի կողմից անգլերեն կամ չինարեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ,
- բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերում սովորողները՝ ակադեմիական տեղեկագիր ամբողջ ուսումնառության վերաբերյալ՝ նոտարի կողմից անգլերեն կամ չինարեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ,
- ինքնակենսագրություն (CV) (անգլերեն),
- 2 երաշխավորական նամակ (անգլերեն կամ չինարեն),
- անձնագրի պատճեն,
- բժշկական տեղեկանքներ՝ ըստ ներկայացվող ձևի ընդհանուր առողջության և ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի վերաբերյալ (անգլերեն լեզվով),
- 3X4 չափի 4 գունավոր լուսանկար,
- արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճեն կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք,
- չինական կողմից պահանջվող այլ փաստաթղթեր,
Հետբուհական (ասպիրանտական) կրթության համար դիմորդները պետք է ներկայացնեն նաև՝
- ռեֆերատ՝ հայերեն լեզվով (10էջ)
- օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ՝ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ։
Պահանջվող փաստատղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 2 օրինակ՝ պատճենի հետ միասին (1+1):
Քննությունները կկազմակերպվեն՝ համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N597-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»։
Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»։
Հետբուհական կրթություն ստանալու համար մրցույթը կանցկացվի՝ համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N238-Ն որոշմամբ հաստատված, Հայաստանի Հանրապետության ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի։
Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2020 թվականի հունվարի 27-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-ից 17:00, ընդմիջումը՝ ժամը 13:00-14:00:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն/արտաքին կապերի բաժին (հասցեն՝ ք․ Երևան, Վ․ Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 311 և 313 սենյակներ, հեռ․ (+374 10) 58-04-03; (+374 10) 56-23-64):
Քննությունները տեղի կունենան 2020 թվականի հունվարի 30-ից փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում։
Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով՝ մասնագիտական քննություն և հարցազրույց։
Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների վերաբերյալ տեղեկություններ կարելի է ստանալ՝ այցելելով www.csc.edu.cn/studyinchina , www.campuschina.org կայքերը։
Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ ՉԺՀ բյուջեի միջոցների հաշվին։
Թեկնածուները նաև պետք է կապ հաստատեն ՉԺՀ ընդունող բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (ք․ Երևան, Վ․ Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ․ (+374 10) 58-04-03; (+374 10) 56-23-64):