ԲիոԴատա ծրագրի շրջանակում նախաձեռնել էր «Կենսաբազմազանության տվյալների թվայնացման և կառավարման» դասընթաց եւ միջազգային սիմպոզիում՝ հաջորդող աշխատաժողովներով։ Վերջինս նախատեսված էր անցկացնել մարտի 30-ից ապրիլի 3-ը։ Սակայն կորոնավիրուսի համավարակի առնչությամբ երկրում հայտարարված արտակարգ դրության պատճառով դասընթացը եւ սիմպոզիումը հետաձգվում են։ Այս մասին տեղեկացրել է ՀԱԱՀ Միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Արմինե Աբրահամյանը։
Նախորդիվ ԲիոԴատա ծրագրի մենտորներից ձևավորված խորհուրդն առցանց անցկացրել էր դիմումների հավաքում, դիմորդների հարցազրույց (ոմանց հետ՝ հեռակապի միջոցով) եւ ամփոփել ընտրության փուլերի արդյունքները։
Ընդհանուր առմամբ ստացվել են մասնակցության 30 հայտադիմում Հայաստանից և Վրաստանից։ Հայաստանից դիմումներ են ներկայացրել հիմնականում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներ, մագիստրանտներ և աշխատակիցներ, ինչպես նաև ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի և ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոլոգիայի գիտական կենտրոնի, Դեպի կայուն էկոհակարգեր ՀԿ-ի ու մի շարք այլ շահակից կառույցների աշխատակիցներ։
«Հանձնաժողովը հատկապես տպավորված է ՀԱԱՀ ուսանողների արդյունքներից՝ բարձր գնահատելով նրանց շահադրդվածությունը և անհրաժեշտ գիտելիքների պաշարը», – ասում է տիկին Աբրահամյանը, հավելելով, որ դիմումներ էին ներկայացրել Ագրոնոմիական (ստացիոնար և հեռակա բաժիններից), Պարենամթերքի տեխնոլոգիաների, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության և Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետների, ինչպես նաև Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողները։
Դասընթացի եւ սիմպոզիումի նոր ժամկետների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: