Համալսարանական եւս մեկ բաց տարածք՝ շրջանավարտների հովանավորությամբ

Հունիսի 9-ին տեղի ունեցավ համալսարանական բաց տարածքի ոճով հերթական սրահի բացումը երկրորդ մասնաշենքում, համալսարանի գիտական գրադարանի հարկաբաժնում գտնվող մամուլի նախկին սրահում: Բոլոր «լոֆտ» սրահները գեղեցիկ եւ գործառական են յուրովի. այս մեկի առանձնահատկությունն այն է, որ այն վերակառուցվել եւ կահավորվել է համալսարանի երեք շրջանավարտների հովանավորությամբ: Նոր սրահը ուսանողների եւ դասախոսների համար կծառայի որպես ընթերցելու, աշխատելու, հանդիպումներ կազմակերպելու, ներկայացումներ անելու, նաեւ հանգստանալու հարմարավետ վայր:

Համակուրսեցիներ Սամվել Սարգսյանը, Արմեն Մխիթարյանը եւ Հայրապետ Կարապետյանը այսօրվա Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետն ավարտեուց 29 տարի հետո գեղեցիկ նվեր մատուցեցին հարազատ բուհի այսօրվա եւ վաղվա սերունդներին: Նոր սրահն իր յուրօրինակ միջավայրով վստահաբար դառնալու է ուսանողների համար աշխատելու եւ ստեղծագործելու ամենասիրված անկյուններից մեկը: Այս համոզմունքն արտահայտեց ռեկտոր Վարդան Ուռուտյանը՝ շնորհակալություն հայտնելով բարերար շրջանավարտներին եւ շնորհավորելով ուսանողներին ու դասախոսներին հերթական ձեռքբերման առթիվ: Ռեկտորը շնորհակալություն հայտնեց նաեւ ՀԱԱՀ-ի աջակցության հիմնադրամի տնօրեն Միսակ Ղարագյոզյանին՝ այս նախագծի իրագործման հարցում ունեցած անուրանալի ջանքերի համար:

Շնորհավորական եւ շնորհակալական խոսքերով հանդես եկան նաեւ համալսարանի գիտական գրադարանի վարիչ Հասմիկ Ադամյանը, Ֆիզմաթ ամբիոնի վարիչ Աղավարդ Խաչատրյանը, համալսարանի վետերան պրոֆեսորներից Ստեփան Մարգարյանը: Նրանք հորդորեցին ուսանողներին ակտիվորեն օգտագործել համալսարանում մեկը մյուսի հետեւից շարք մտնող արդիական ենթակառույցների ընձեռած կրթական, հետազոտական եւ ստեղծագործական հնարավորությունները: Ուսանողների անունից բարերարներին երախտիքի խոսք ասաց Զարուհի Հովեյանը:

Սամվել Սարգսյանը, նաեւ երկու ընկերների անունից, ջերմորեն շնորհավորեց գրադարանի նոր սրահի բացման առթիվ: Նա բարձր գնահատեց Ագրարային համալսարանում իր ստացած կրթությունը եւ իր սիրելի դասախոսների կատարած աշխատանքը, ինչպես նաեւ կրթության արդիականացման ու որակի բարձրացման ուղղությամբ համալսարանի այսօրվա ղեկավարության իրականացրած արդյունավետ քայլերը: «Գիտելիքների այն ահռելի պաշարը, որ մենք ստացել ենք մեր դասախոսներից, երբեք չի մոռացվի»,- ասաց պարոն Սարգսյանը: Նա արտահայտեց իր եւ ընկերների պատրաստակամությունը՝ շարունակաբար ուշադրության կենտրոնում պահել հարազատ բուհի անցուդարձը եւ հնարավորությունների սահմաններում փորձել օգտակար լինել, ինչպես ինքն արտահայտվեց՝ Ագրարային համալսարանի մեծ ընտանիքին:

Ռեկտոր Ուռուտյանը Սամվել Սարգսյանին, Արմեն Մխիթարյանին եւ Հայրապետ Կարապետյանին հաճույքով հանձնեց շնորհակալագիր՝ ի նշան երախտագիտության համալսարանական տարածքների վերակառուցման եւ արդիականացման գործում ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաեւ խորհրդանշական նվերները՝ համալսարանի «Սերունդ» գինին եւ Ոսկե ծիրան մրցանակը:

Սրահի պատերի վրա պատկերված ասույթներից մեկը Ջորջ Վաշինգտոնի հայտնի խոսքն է կրթության մասին. «Կրթությունը դեպի ազատություն տանող ոսկե դռան բանալին է»: Անհատի եւ հասարակության ազատությունը բարձրագույն արժեք է. մեր երեք շրջանավարտները գեղեցիկ ու ազդեցիկ քայլ են արել Ագրարայինի մեծ ընտանիքի այսօրվա սերնդին այդ արժեքին հաղորդակից դարձնելու համար: Հուսով ենք, պարոնայք Սարգսյանի, Մխիթարյանի եւ Կարապետյանի օրինակը վարակիչ կլինի համալսարանի բազմաթիվ այլ շրջանավարտների համար, ովքեր կարող են համալսարանի վերափոխման շարունակական գործընթացի մաս կազմել, տարբեր ձեւերով ու ձեւաչափերով վերադարձնել իրենց մայր բուհի վաստակն ու պարտքը եւ հարստացնել Ագրարայինի մեծ ընտանիքն իրենց գույնով ու դիմագծով: