Պրոֆալ ընկերության հիմնադիրներից մեկի նախասիրությունը վերաճել է լուրջ, բազմապրոֆիլ, հետաքրքիր ու գեղեցիկ գյուղատնտեսական բիզնեսի, որն այսօր ունի ագրարային ոլորտի տարբեր մասնագետների կարիք: Այս մասին Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների, այնուհետեւ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դասախոսական կազմի հետ մարտի 11-ին կայացած հանդիպումների ժամանակ ասաց ընկերության մարդկային ռեսուրսների բաժնի վարիչ Լիանա Խաչատրյանը, որին նախապես ընդունել էր Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ընկերության գլխավոր բուսաբան Էդգար Մելքոնյանը:
Բիզնես դարձած նախասիրությունն այսօր գնալով ծավալվում է, եւ, ինչպես տեղեկացրեց տիկին Խաչատրյանը, շատ շուտով այն դառնալու է առանձին կազմակերպություն՝ ստեղծվելիք Պրոֆալ գրուփի ամպհովանու ներքո: Ընկերությունը, որի հետ Ագրարային համալսարանը համագործակցության հուշագիր է ստորագրել ընդամենը օրեր առաջ, պատրաստ է ընդունել համալսարանի ուսանողներին թե որպես փորձնակների եւ թե որպես մասնագետների: Մերոնք փորձուսուցման եւ աշխատանքի հնարավորություններ կունենան նորաստեղծ կազմակերպության հիդրոպոնիկ եւ գրունտային ջերմատներում, բուսաբանական այգում (ներկրված հազարավոր հեռանկարային բույսերով), սառնարանային տնտեսությունում, լաբորատորիաներում: Երրորդ գյուղում գտնվող այս յուրահատուկ տնտեսության զարգացման հեռանկարներից մեկն էլ ագրոտուրիզմն է. այցելուները կարող են հաճելի ժամանակ անցկացնել եւ գնել իրենց նախասիրած տնկիներն ու ծաղիկները:
«Փորձուսուցման ժամանակ, ծանոթանալով եւ աշխատելով տարբեր ուղղություններով, դուք հնարավորություն կունենաք հասկանալու, թե ձեզ կոնկրետ ինչ է պետք: Մենք, բնականաբար, ձեզ կօգնենք կողմնորոշվել, քանի որ մենք ձեզ դիտարկելու ենք որպես մեր պոտենցիալ աշխատակիցների», – ուսանողներին դիմելով հավաստիացրեց տիկին Խաչատրյանը:
Առավել հայտնի լինելով որպես դռներ, պատուհաններ արտադրող, ալյումինե, մետաղյա եւ ապակե տարատեսակ շինարտադրատեսակեր արտադրող, նաեւ արտահանող ընկերություն, Պրոֆալը, ավելի ճիշտ Պրոֆալ Գրուփի մեջ մտնող նոր ընկերությունը, որի անունը Ագրարայինի ուսանողներն արդեն գիտեն, վստահաբար հայտնի է լինելու նաեւ որպես Հայաստանի առաջատար ագրոբիզնեսներից մեկը: Հաջողելու համար ընկերությունն, ըստ էության, ունի ամեն ինչ՝ ղեկավարության տեսլականն ու աշխատակազմի նպատակասլաց ու պրոֆեսիոնալ աշխատանք, նորարարական մտածելակերպ, Հայաստանում եզակի, համաշխարհային առաջատար բրենդների նորագույն գյուղատնտեսական տեխնիկա, առաջիկայում էլ կադրային բացը կլրացնի Ագրարային համալսարանի լավագույն ուսանողների ու շրջանավարտների համալրմամբ:
Լիանա Խաչատրյանը ուսանողներին հորդորեց իրենց կենսագրական փաստաթղթերն ուղարկել իր էլեկտրոնային հասցեով, իսկ ի պատասխան փորձի պակասի կամ բացակայության մասին ուսանողների մտահոգության, նշեց, որ ընտրված ուսանողները հնարավորություն կունենան սկսելու ավելի նվազ պատասխանատու աշխատանքից եւ աճել որպես մասնագետ:
Ընկերությունում արդեն առկա թափուր աշխատատեղերի ցանկը առարկայական վկայությունն է այն բանի, որ Ագրարային համալսարանում մասնագիտությունների եւ ուսումնական պլանների իրականացված արմատական փոփոխությունները լիովին արտացոլում են այսօրվա մասնագիտական աշխատաշուկայի առկա պահանջները:
Լիանա Խաչատրյանին եւ Էդգար Մելքոնյանին հարցեր տալու հնարավորությունը նաեւ ոլորտում ընդհանրապես առկա խնդիրներին անդրադառնալու եւ միմյանց ավելի լավ ճանաչելու եւ հասկանալու հնարավորություն էր: Այդպիսի հնարավորություն էր նաեւ պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանի հետ հանդիպումը՝ նրա ղեկավարած Ջրային և հողային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական հետազոտական կենտրոնում: