ՀԱԱՀ Միջազգային գիտական ծրագրերի բաժնի ջանքերով Հայաստանը դարձել է GBIF-ի անդամ

Հայաստանի Հանրապետությունը դարձել է Գլոբալ կենսաբազմազանության տեղեկատվական միջոցներ (GBIF) միջկառավարական կազմակերպության անդամ, առայժմ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով: Այս մասին այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել կազմակերպության եւ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության միջեւ:

GBIF-ի անդամ դառնալու իրադարձությանը նախորդել է ՀԱԱՀ-ի Միջազգային գիտական ծրագրերի բաժնի եւ նախարարության համատեղ նախապատրաստական աշխատանքը, ընդ որում անուրանալի են բաժնի ղեկավար Արմինե Աբրահամյանի անձնական ջանքերը:

Հայաստանն այս կազմակերպության մասնակից երկրների ցանկում 61-րդ է, նախկին խորհրդային երկրներից երկրորդը՝ Էստոնիայից հետո եւ ԱՊՀ տարածքից առաջինը: Մեր երկիրը նաեւ երկրորդ երկիրն է, որ կազմակերպության անդամ է դառնում Նորվեգիայի կառավարության կողմից ֆինանսավորվող ԲիոԴատա նախագծին մասնակցելուց հետո, որը Հայաստանում իրականացնում էր դոկտ. Աբրահամյանի ղեկավարած բաժինը:

GBIF-ին անդամակցությունը հնարավորություն է ընձեռում ստեղծել կենսաբազմազանության ազգային տեղեկատվական համակարգ եւ կենսաբազմազանության վերաբերյալ տվյալներ հավաքել ու հրապարակել միջազգային չափորոշիչներին համապատասխան: Կազմակերպության անդամ դառնալով՝ Հայաստանը համաձայնում է նպաստել կենսաբազմազանության տվյալների ազատ մատչելիության ապահովմանը:

Կազմակերպության պաշտոնական կայքի այսօրվա հրապարակման մեջ դոկտ. Աբրահամյանն ասել է: «GBIF-ին մասնակցությունը ապահովում է ազգային մասշտաբով տվյալների եւ տեղեկատվության մշակման շրջանակ, որը մեզ անհրաժեշտ է՝ Հայաստանի կենսաբազմազանությանը արդյունավետ կերպով ծանոթանալու, այն մշտադիտարկելու եւ կառավարելու համար: Հավասարապես կարեւոր է նաեւ համայնքների կարողությունների զարգացման ծրագրերի ընձեռած վերապատրաստման հնարավորությունը, որը մեզ օգնում է հասնել հայաստանցի գիտնականների ու տվյալագետների հմտությունների բարելավման՝ նախանշած թիրախին»:

Ըստ GBIF-ի գործադիր քարտուղար Ջո Միլերի, Հայաստանը, անդամակցելով GBIF-ի համայնքին, դարձել է տարածաշրջանի առաջամարտիկը: Նա հույս է հայտնել, որ մեր երկրի օրինակին շուտով կհետեւեն Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների այլ երկրներ: «Հայաստանի՝ որպես աշխարհում կարեւորագույն մի շարք մշակաբույսերի բնօրրանի կարեւորությունը այս զարգացումը դարձնում է առանձնապես ոգեւորիչ: GBIF-ին անդամակցության միջոցով կենսաբազմազանության մոբիլիզացումը արժեքավոր աջակցություն է կենսաբազմազանության պահպանման ու հարակայուն զարգացման՝ համաշխարհային հանրության նպատակներին ու թիրախներին»:

Հայաստանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում համաշխարհային հանրության համար իր կենսաբազմազանությամբ, տեղաբնիկ բույսերով ու կենդանիներով, մշակաբույսերի վայրի ազգակիցների եզակիությամբ ու կարեւորությամբ, ներառյալ՝ աշխարհում հայտնի վայրի ցորենի 4 սորտերից 3-ի առկայությամբ: GBIF-ը գենետիկ այս հսկայական հարստությունը դիտարկում է որպես բույսերի նոր, ավելի դիմակայուն, գյուղատնտեսական արտադրությունը ավելացնելու եւ սննդապահովության մակարդակը բարձրացնելու ունակ սորտերի ստացման համար կենսականորեն կարեւոր ռեսուրսներ:

2021թ.-ին GBIF-ը պլանավորում է Հայաստանում անցկացնել կենսաբազմազանության տվյալների հրապարակման վերաբերյալ վերապատրաստման ծրագիր եւ Հարավային կովկասի տարածաշրջանային սիմպոզիում: Երկու իրադարձություններն էլ հետաձգվել են համավարակի պատճառով: