Կովկասյան գորշ ցեղի տավարի վերականգնման ծրագրի շնորհանդես Գյումրիում

«Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ն 2020 թվականից սկսել է իրականացնել ծրագիր՝ ուղղված հայրենական Կովկասյան գորշ ցեղի պահպանմանն ու մաքրացեղ կենդանիների բուծմանը:

Ծրագիրը համատեղ իրականացնում են Սելեկցիոն կայանը եւ ՀԱԱՀ անասնաբուծության ամբիոնը` ամբիոնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Չիթչյանի գլխավորությամբ: Պարոն Չիթչյանը մեկ անգամ չէ, որ տարբեր մակարդակներում եւ ատյաններում բարձրացրել եւ հիմնավորել է Կովկասյան գորշ ցեղի բարելավման տնտեսական նպատակահարմարության հարցը։

Հունիսի 10-ին Գյումրիում կայացավ «Տավարի հայրենական Կովկասյան գորշ ցեղի պահպանման 2021-2028թթ․ ծրագրի» գործնական փուլի ազդարարման գիտաարտադրական խորհրդաժողով։ Ինչպես տեղեկացանք պարոն Չիթչյանից, Սելեկցիոն կայանի գիտնականներից եւ ամբիոնի պատասխանատուներից բացի, խորհրդաժողովին մասնակցում էին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի եւ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Տիգրան Առստամյանը եւ Վիլեն Ավետիսյանը, նախարարության անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության, ՄԱԿ-ի ՊԳԿ-ի հայաստանյան ներկայացուցչության, «Տոհմային կայան» ՓԲԸ-ի, Ագրոհոլդինգ Արմենիա ընկերության, ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրի, «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, Շիրակի պետական համալսարանի ներկայացուցիչները, Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարը:

Մասնակիցների ընդգրկումը, ներկայացուցչականությունը եւ հետաքրքրվածությունը ցույց են տալիս, որ Գյումրիի սելեկցիոն կայանը արժեքավոր գործ է ձեռնարկել, իսկ ՀԱԱՀ անասնաբուծության ամբիոնի, մասնավորապես Չիթչյանների ներգրավվածությունը երաշխավորում է ծրագրի նպատակային ընթացքը։

Լիագումար նիստում պարոն Չիթչյանը հանդես եկավ ընդարձակ զեկուցումով։ Կովկասյան գորշ ցեղի տավարի ստեղծման պատմական էքսկուրսից հետո նա ներկայացրեց այդ արժեքավոր ցեղի վերականգման եւ հետագա կատարելագործման աշխատանքային քարտեզը։ Պարոն Չիթչյանը շեշտադրեց այն հանգամանքը, որ ցեղի բարելավման նպատակային եւ արդյունավետ աշխատանքների իրականացումը հնարավոր է միայն պետական եւ ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների հոգածության միջոցով։

Պարոն Չիթչյանը վստահ է, որ տավարի Կովկասյան գորշ ցեղի վերականգման՝ Գյումրի սելեկցիոն կայանի նախաձեռնությունը հայրենանվեր գործ է, որին հետաքրքրությամբ եւ նվիրումով է միանում ամբիոնը։ Նա գոհունակությամբ նշում է, որ խորհրդաժողովի մասնակից՝ գիտության, արտադրության մասնագետները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հավանություն են տվել ծրագրին եւ խոստացել իրենց մասնաբաժինն ունենալ այդ գործում։