Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում անցկացվեց ՀԱԱՀ-ի գործընկեր Մայ Ֆորեստ Արմենիա կազմակերպության «Բնապահպանական կրթություն» ծրագրի շրջանակում «Անտառային սերմնաբուծություն» թեմայով առաջին դասընթացը՝ Լոռու մարզի 3 համայնքները ներկայացնող 17 մասնակիցներով:
Դասընթացավարը` Վանաձորի մասնաճյուղի դասախոս, Մայ Ֆորեստ Արմենիայի տնկարանների ղեկավար Գագիկ Ամիրյանը, եռօրյա դասընթացի ընթացքում մասնակիցներին ծանոթացրեց բարձր որակի ծառերի տարբերակման, պատշաճ սերմնահավաքման, մշակման, թեստավորման, փաթեթավորման և պահպանման նրբություններին՝ ըստ տարածաշրջանների կլիմայական և կենսաէկոլոգիական առանձնահատկությունների և որակի։
Ըստ էության, այս դասընթացով Մայ Ֆորեստ Արմենիայի մեր գործընկերների աջակցությամբ կրթական աննախադեպ հնարավորություն է ստեղծվել շահակից համայնքների ներկայացուցիչների համար՝ գիտելիքներ ու հմտություններ ստանալու այնպիսի կարեւոր թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են անտառային սերմնաբուծությունը, սերմերի նախացանքային մշակությունը, տնկանյութի աճեցումը եւ անվտանգության տեխնիկայի պահպանումը տնկարաններում:
Դասընթացը անցյալ տարվա հոկտեմբերին ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանի եւ Մայ Ֆորեստ Արմենիայի հիմնադիր տնօրեն Անդրե Գումուշճեանի ստորագրած գործակցային հուշագրի գործնական կիրառման լավ օրինակ է: Ընդ որում ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղը հենակետային նշանակություն է ձեռք բերում Մայ Ֆորեստ Արմենիայի բնապահպանական, կրթական եւ սոցիալական առաքելության իրականացման համար: