Ավարտվեց Իտալիայի Մարկեի պոլիտեխնիկական համալսարանի Գյուղատնտեսական, պարենային եւ բնապահպանական գիտությունների դեպարտամենտի տնօրեն Դավիդե Ներիի հերթական այցը Հայաստան։ Պրոֆեսոր Ներին նախագծի իրակացման տարիներին (կավարտվի այս տարեվերջին) փորձագիտական ծանրակշիռ աջակցություն է տրամադրել ՀԱԱՀ Ոսկահատի տնտեսությունում ինտենսիվ այգու հիմնման եւ պտղաբուծության թեմաներով ձեռնարկների պատրաստման գործում։
Պրոֆեսոր Ներիի այցը մեկնարկեց ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ հանդիպմամբ, որին մասնակցում էր նաեւ ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի պատասխանատու Սարգիս Մկրտչյանը։ Ամփոփելով 2020 թ․ գարնանը մեկնարկած նախագծի գոհացուցիչ ընթացքը, գործընկերները քննարկեցին հետագա գործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ տնկարանների զարգացման, այս տարի մեկնարկող Էրասմուս ծրագրի շրջանակում ուսանողների եւ դասախոսների շարժունության, դասավանդման եւ հետազոտական աշխատանքների ուղղությամբ ակնկալվող նոր հնարավորությունները։
Իտալացի փորձագետն այնուհետեւ Ագրիթեքի լսարանում հավաքված դասախոսերին ու ուսանողներին ներկայացրեց Մարկեի պոլիտեխնիկական համալսարանի Գյուղատնտեսական ֆակուլտետում սովորելու հնարավորություններն ու առավելությունները, մասնավորապես՝ Էրասմուսի շրջանակում։ Ուսանողները մեխ հետաքրքրություն ցուցաբերեցին հատկապես մագիստրատուրայում սովորելու հնարավորության նկատմամբ։ Պրոֆեսոր Ներին նաեւ այցելեց համալսարանի մի քանի լաբորատորիաներ, զրուցեց պատասխանատուների հետ, մասնավորապես նախանշելով Էրասմուսի շրջանակում եւ դրանից դուրս երկու համալսարանների միջեւ համագործակցության հնարավոր ուղղությունները։
Պրոֆեսոր Ներիի կարճատեւ այցի հաջորդ երկու օրերն անցան խիստ հագեցած ժամանակացույցով՝ հանդիպումներ ICARE հիմնադրամում եւ ՀԱԱՀ-ում, գործնական դասեր ՀԱԱՀ Ոսկեհատի ՈՒՓՏ եւ Կոտայքի մարզի Զորավանի ինտենսիվ այգիներում եւ ամփոփիչ դասախոսություն պտղաբուծության եվրոպական փորձի վերաբերյալ։
Գարնանային էտի գործնական դասերի ժամանակ պրոֆեսորի ունկնդիրները ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի շրջանակում ինտենսիվ այգիների կառավարման դասընթացի մասնակիցներն էին, որոնց միացել էին ՀԱԱՀ պտղաբույծ մասնագետներ, ուսանողներ, միջազգային գյուղատնտեսական առաքելությունների ներկայացուցիչներ։ Ոսկեհատի ինտենսիվ այգում հանդիպում եղավ ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի ֆինանսավորող Ավստրիական զարգացման գործակալության երեւանյան գրասենյակի տնօրեն Կլաուս Կապերի եւ տեղակալ Նորա Ալանակյանի հետ։ Բազմաթիվ ու բազմապիսի նրբություններ ենթադրող էտի գործնական դասն անցավ մասնակիցների արտակարգ ակտիվության ու շահագրգիռ հետաքրքրության, մեր մասնագետների հետ զուգահեռ համերաշխ քննարկումների պայմաններում։
Ոսկեհատի ՈՒՓՏ-ում պրոֆեսոր Ներին այցելեց նաեւ ՀԱԱՀ գինեգործարան եւ Գինու ուսումնագիտական կենտրոն, համտեսեց (եւ հավանեց) համալսարանի «Սերունդ» գինին եւ Ի-Վի-Էն գինու ակադեմիայի գինիները։
Այցն ավարտվեց Ագրիթեքի լսարանում պրոֆեսոր Ներիի անցկացրած սեմինարով, որի ժամանակ նա ներկայացրեց այգու հարակայուն կառավարմանը, տարբեր տարիքի ծառերի էտին ու ձեւավորմանը, բարձրորակ եւ փոխադրունակ մրգերի արտադրության նպատակով ծառերի սննդառությանը, մրգերի սառնարանային պահեստավորմանն առնչվող հրատապ հարցեր՝ եվրոպական վերջին գործելակերպերի օրինակով։