Քոլեջի հողաբարելավում մասնագիտության 4-րդ կուսի ուսանողներն այսօր՝ ապրիլի 10-ին, փորձուսուցման նպատակով այցելեցին Վեդու ջրամբարի շինարարության ընթացքը դիտարկելու: Մինչ ճամփա կընկնեին, ամբիոնում մեկ անգամ եւս նրանց հիշեցրին անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտության մասին:
-Դուք երջանիկ ուսանողներ եք: Ջրամբար հո հաճախ չեն կառուցում: Սովորողների քանի սերունդ զրկված է եղել շինարարության ընթացքը, ջրամբարի ու պատվարի հատակը-հիմքերը տեսնելու պատեհությունից,-ասում է պարոն Նավոյանը:
Ուսանողներին ուղեկցում էին ջրային եւ հողային պաշարների կառավարման ամբիոնից տեխնիկական գիտությունների թեկնածուներ՝ դասախոս Մարգարիտ Հարությունյանը, դոցենտներ Արտակ Զաքարյանն ու Հայկ Ղազարյանը: Ողջ երկարատեւ, ոտքով վերելքի ընթացքում հնչում էին երկուստեք հարց ու պատասխաններ:
-Հրաչ, ուշադիր եղիր, սա քո ավարտաճառի հետ կապվող հարց է, Նարեկ, պատվարի բարձրությունը… Վաղը այս ամենը կամրապնդենք նաեւ լսարանում- տիկին Հարությունյանն է, բոլորի թույլ եւ ուժեղ կողմերը հրաշալի գիտե, լրացման-լուսաբանման կարոտ հարցերը նույնպես:
Տղաները ավարտական փուլում են արդեն ու պատրաստվում են մեկնել զինվորական ծառայության (խաղաղություն մաղթենք):
-Կվերադառնանք ու կտեսնենք ջրամբարի շինարարությունն ավարտված է: Եւ հարեւան գյուղերը իսկական դրախտավայր են դարձել,- ասում են երիտասարդները, որոնք ուսումնառության ընթացքում շատ լավ հասկացել են կենարար ջրի ուժն ու զորությունը:
Վեդիի ջրամբարի եւ 37 կմ ընդհանուր երկարությամբ ոռոգման համակարգի կառուցումը հնարավորություն կտա Արարատյան հարթավայրի 8 համայնքների ավելի քան 3000 հա հողատարածքներ ոռոգելի դարձնել։ Ջրամբարի ընդհանուր ծավալը կկազմի 29 մլն խ․ մ։ Ջրամբարի գործարկմամբ ամբողջությամբ կդադարեցվի 10 եւ մասամբ՝ 3 պոմպակայանների շահագործումը, հարդյունս որի տարեկան կխնայվի 19 մլն կվտ․ ժամ էլեկտրաէներգիա (մոտ 1 մլրդ դրամ)։