Այսօր կայացավ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստը՝ դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանի նախագահությամբ։
Գիտխորհուրդը նախ լսեց 2021-2022 ուսումնական տարվա դիպլոմային աշխատանքների, մագիստրոսական թեզերի պաշտպանության արդյունքների մասին ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ Շիրազ Մուրադյանի հաշվետվությունը։
Այնուհետեւ պրոֆեսոր Ղազարյանը հանդես եկավ 3-րդ կուրսերի աշխատանքային եւ 4-րդ կուրսերի արտադրական փորձուսուցումների կազմակերպման մասին զեկուցումով։ Փորձուսուցումների արդյունավետության բարձրացման եւ աշխարհագրության ընդլայնման պայմաններում, ուսանողներին եւ նրանց ղեկավարներին դեկանի հանձնարարականն էր՝ շարունակել անընդհատ բարելավման ուղին՝ ագրոտեխնոլոգիական համալսարանի վերաբրենդավորման մոտալուտ հեռանկարի հաշվառումով։
Օրակարգի երրորդ հարցը վերաբերում էր ուսանողական 22-րդ գիտաժողովին ֆակուլտետի մասնակցության արդյունքներին եւ խնդիրներին։ Գիտաժողովն առաջին անգամ մեր համալսարանում անցկացվեց գիտական շաբաթվա ձեւաչափով։ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետից ներկայացվեց 16 զեկուցում, որոնցից շատերը, պրոֆեսոր Ղազարյանի գնահատմամբ, ունեին գիտական միտք եւ լավ նախադրյալներ կարող են ստեղծել երիտասարդների հետագա գիտական գործունեության զարգացման ու գիտական արդյունքներ արձանագրելու առումով։ Տնտեսագետների երեք զեկուցումներ ներկայացվել են հաջորդ՝ միջբուհական փուլում եւ բավականին մեծ հետաքրքրություն առաջացրել։
Ինչպես փորձուսուցումների պարագայում, այնպես էլ գիտական հետազոտություններում դեկանը շեշտեց՝ որակը առաջնային է․ սա պետք է լինի մեր ելակետը։
Գիտխորհրդի նիստի աշխատանքներն ամփոփվեցին գիտաժողովին մասնակցած ուսանողներին ակտիվ մասնակցության մասին հավաստագրեր եւ նրանց գիտական ղեկավարներին շնորհակալագրեր հանձնելով։ Դեկանի հատուկ շնորհակալությանն արժանացավ նաեւ ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահ Ինգա Թորոսյանը։ Պարգեւատրվածները շնորհակալություն հայտնեցին պարոն Ղազարյանին՝ մշտական ուշադրության եւ խրախուսանքի համար։