Վիշեգրադյան վերապատրաստման մոդուլներից՝ ինքնաներկայացում․ յուրաքանչյուրն ինքն է կերտում իր հաջողությունը

Ապագա անասնաբույժ պատանու խոսքերն են վերնագրում: Նա ամենաաշխույժն էր ինքնաներկայացում մոդուլի ընթացքում եւ բավարար բանիմաց: Վիշեգրադ + նախագծի շրջանակում վերապատրաստման ծրագիրը նախատեսված է ուսանողների եւ դասախոսների համար: Լսարանը հենց այդպես էլ համալրված էր՝ գալու նպատակը հասկացող տարբեր սերունդների ներկայացուցիչներով: Դասընթացավարը հասարակագիտության ամբիոնի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արուսյակ Ղարիբյանն էր, որն իր հերթին վերապատրաստում է անցել «Ինքնաներկայացում» մոդուլով։

Հաղորդակցման հմտությունների ամենակարեւոր տարրերից մեկն է գրագետ եւ խելամիտ ներկայանալու կարողությունը՝ սկսած պարզապես ծանոթությունից մինչեւ ցանկալի աշխատանք գտնելու հարցազրույց: Առաջին տպավորությունը անկրկնելի ու անջնջելի է, քանզի, որպես կանոն՝ ոչ ոք չի հիշում երկրորդ ու հաջորդող բոլոր տպավորությունների մասին: Ձախողված առաջին տպավորությունը չի շտկվում:

Առինքնող խոսք, հաճելի ձայն, ճաշակավոր հագուկապ. սրանք անխափան գործող միջոցներ են աշխատանքային-բարեկամական-ընկերական ամուր կապեր հաստատելու տեսանկյունից: Արիստոտելյան հավասարակողմ եռանկյունին հենց այդ՝ անձ-միտք-հուզականություն եռամիասնության մասին է, եւ դասընթացավարը լսարանի հետ աշխույժ աշխատանքով, վարժանքներով դիտարկեց բոլոր մեծ ու փոքր հարցերը՝ SWOT վերլուծություն, CV գրելու կարողություններ, օգտակար խորհուրդներ:

Դասի համար սահմանված մեկ ու կես ժամն անցավ ակնթարթի պես: Վերջում մասնակիցները պատկերեցին իրենց կենաց ծառերը՝ արմատ-սկզբունքներով, նպատակ-բնով եւ պտուղ-ձեռքբերումներով:

Փափուկ հմտությունների սրահից ունկնդիրները հեռանում էին հաստատուն համոզմունքով՝ յուրաքանչյուրն ինքն է կերտում իր հաջողությունը:

Վերապատրաստումներն իրականացվել են «ՓԱՓՈՒԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ 21-ՐԴ ԴԱՐԻ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՈՒՄ. V4 ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ» նախագծի շրջանակում, որի հայաստանյան համակարգողը ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանն է, իսկ ՀԱԱՀ երեք փորձագետ-դասախոսների վերապատրաստումն իրականացրել է նախագծի գլխավոր փորձագետ, Հայոց եւ օտար լեզուների ամբիոնի դասախոս Լիանա Վարդանյանը։

Նախագիծը համաֆինանսավորվում է Չեխիայի Հանրապետության, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների կողմից՝ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի Վիշեգրադ դրամաշնորհների միջոցով։ Հիմնադրամի առաքելությունն է խթանել կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարները Կենտրոնական Եւրոպայում։