Նոյեմբերի 18-ից 22-ը Վիլնյուսի Միկոլաս Ռոմերիս համալսարանում (Լիտվա) տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ T-GREEN («Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ եւ կայուն ապագայի» նախագծի հերթական աշխատաժողովը, որին մասնակցեցին T-GREEN ծրագրի ՀԱԱՀ համակարգող Լուսինե Մնացականյանը, ծրագրի փորձագետներ Մարիամ Մովսիսյանը եւ Էմիլ Գեւորգյանը։ Աշխատաժողովի ընթացքում հայաստանյան մասնակից գործընկեր բուհերը ներկայացրին նախագծի 4-րդ աշխատանքային փաթեթի շրջանակում իրականացված աշխատանքներն ու արդյունքները, այն է՝ նոր համատեղ եւ վերապրոֆիլավորված մագիստրոսական ծրագրերը։ Մասնավորապես Հայաստանի ազգային ագրարային համալսարանի թիմը, ի թիվս հայաստանյան 8 բուհերի, ներկայացրեց Երեւանի պետական համալսարանի հետ համատեղ մշակված «Կանաչ տնտեսություն եւ կառավարում» կրկնակի մագիստրոսական, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համատեղ մշակված «Կայուն քաղաքներ» կրկնակի մագիստրոսական եւ «Պարենամթերքի տեխնոլոգիա» վերապրոֆիլավորված մագիստրոսական ծրագրերը։
Բուհերի ներկայացումներին հետեւեցին ավելի նեղ խմբային քննարկումները եւ պարզաբանումները, որից հետո արդեն նախագծի ԵՄ գործընկերներ Միջազգային Հելենիկ համալսարանի (Հունաստան), Միկոլաս Ռոմերիս համալսարանի, Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանի եւ Կրակովի Յագելոնյան համալսարանի (Լեհաստան) գործընկերները ավելի թիրախային նկատառումներ փոխանակեցին եւ հանդես եկան ներկայացված ծրագրերի լավարկման առաջարկներով։
Աշխատաժողովի աշխատանքներն ամփոփվեցին կառավարչական ժողովի ընթացքում, երբ նախագծի 4-րդ աշխատանքային փաթեթի համակարգող Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմի ղեկավար Ներսես Գեւորգյանը ներկայացրեց Գործողությունների եւ լավարկման պլանը, նախանշեց այն խնդիրներն ու անելիքները, որոնք պետք է համատեղ ջանքերով իրականացնեն նախագծի մասնակից բուհերն ու այլ կառույցները առաջիկա մի քանի ամսում:
Աշխատաժողովի ավարտին T-GREEN նախագծի համահամակարգող Եվրասիա միջազգային համալսարանի ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց նախագծի մասնակիցներին եւ հյուրընկալող բուհին՝ ներդրած ջանքերի, պատրաստակամության ու նախագծում կարեւոր դերակատարման համար: