Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրի շրջանակում ՀԱԱՀ «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագրում ընդգրկված 4 դասախոսներ՝ Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դոցենտ, գ.գ.թ. Սասուն Մամաջանյանը, ամբիոնի դասախոս, գ.գ.թ. Նաիրա Գասպարյանը, Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ, գ.գ.թ. Հրանտ Խաչատրյանը, Հասարակական գիտությունների ամբիոնի դոցենտ, փ.գ.թ. Արուսյակ Ղարիբյանը, ինչպես նաեւ «Օրգանական գյուղատնտեսության հզորացում Հայաստանում. մասնակցային բարձրագույն կրթություն եւ գիտելիքի փոխանակում հանուն զարգացման» (SOAA) նախագծից Մարգարիտա Տիգրանյանը եւ Լուսինե Նալբանդյանը (նախագծի ղեկավար) վերապատրաստման եւ ծրագրային այցով մայիսի 31-ից հունիսի 10-ը գտնվում էին Վիեննայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների (ԲՈԿՈՒ) համալսարանում:
Այցի ընթացքում ՀԱԱՀ դասախոսական թիմը հանդիպումներ ունեցավ ԲՈԿՈՒ-ի պրոֆեսորադասախոսական կազմի, միջազգային կապերի դեպարտամենտի աշխատակիցների հետ, մասնակցեց օրգանական գյուղատնտեության վերաբերյալ մասնագիտական քննարկումների, դասախոսությունների: Նրանք հանդես եկան նորարարական կրթական մեթոդների եւ ուսանողական ֆերմերային տնտեսությունների ստեղծման ու կառավարման փորձի ներկայացմամբ: ՀԱԱՀ թիմը հանդիպում ունեցավ օրգանական գյուղատնտեսության ոլորտում մեծ փորձառություն ունեցող պրոֆեսոր Բերնհարդ Ֆրայերի հետ եւ քննարկեց օրգանական ուսումնացուցադրական տնտեսություն հիմնելու առանձնահատկությունները: Միաժամանակ անդրադարձ եղավ «Ակունքի» ուսանողական-փորձացուցադրական տնտեսության զարգացման տեսլականին:
Ռայնհարդ Նոյգշավանդերի հետ քննարկվեցին տնտեսությունում բազմագործոն գիտական փորձեր իրականացնելու, դրանց հիման վրա գիտական աշխատանքներ հրապարակելու, ուսանողների եւ գիտնականների համատեղ աշխատանքների կազմակերպման հնարավորությունները:
Վերապատրաստումը հագեցած էր ոչ միայն մասնագիտական հանդիպում-քննարկումներով, այլեւ դաշտային այցելություններով, մասնավորապես՝ «ADAMAH biohof» ընկերություն, որը զբաղվում է օրգանական մշակաբույսերի մշակությամբ, վերամշակմամբ, արտադրությամբ ու վաճառքով, Ալֆրեդ Գրանդի փորձացուցադրական տնտեսություն, որը զբաղվում է որդակոմպոստի արտադրությամբ, «Market gardening» համակարգով ավելի քան 50 տեսակի մշակաբույսերի մշակությամբ, ուղիղ վաճառքով, ինչպես նաեւ համագործակցում է ԲՈԿՈւ համալսարանի եւ այլ գիտական կենտրոնների հետ։ ՀԱԱՀ թիմը այցելեց նաեւ ԲՈԿՈւ-ի փորձացուցադրական տնտեսություն՝ «Grosenzersdorf» եւ Օրգանական եւ կենսադինամիկ չափորոշիչներով սերմարտադրությամբ զբաղվող «Reinsaat» տնտեսություն։
Հատկանշական է, որ շարժունության շրջանակում այցելությունն արդյունավետ ու կարեւոր էր թեˊ օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական կրթական ծրագրի բարելավման եւ թեˊ միջազգային փորձի ուսումնասիրման, դասախոսների մասնագիտական գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացման տեսանկյունից: Շարժունությունն արդյունավետ էր ՀԱԱՀ եւ ԲՈԿՈւ համալսարանների միջազգային կապերի դեպարտամենտների, մեր գործընկերների հետ անմիջական ու հետեւողական համագործակցության շնորհիվ:
Այցը հագեցած էր նաեւ մշակութային բաղադրիչով. հայկական պատվիրակությունն այցելեց Վիեննայի հռչակավոր Մխիթարյան միաբանություն, ինչպես նաեւ հաղորդակից եղավ եվրոպական մշակութային ժառանգությանը: