Սիսիանի մասնաճյուղում Արցախից տեղահանվածները լավատեսական ծրագրեր են կազմում

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծի շրջանակում Սիսիանի մասնաճյուղում շարունակվում են ուսումնախորհրդատվական դասընթացները Արցախից տեղահանվածների համար:

Մարտի 12-13-ը կայացած դասընթացը վերաբերում էր ագրարային ճարտարագիտությանը: Դասընթացավարներն էին գյուղատնտեսության մեքենայացման ոլորտի գիտնականներ, ՀԱԱՀ Ավտոտրակտորների եւ գյուղատնտեսական մեքենաների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Արամայիս Եսոյանը եւ ՀԱԱՀ Գյուղատնտեսական մեքենաշինության, ավտոմատացման եւ տեխնիկայի շահագործման ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Մարգարյանը:

Պրոֆեսոր Եսոյանը դասընթացի մասնակիցներին ծանոթացրեց լեռնային երկրագործությունում հողի մշակության նոր տեխնոլոգիաների ներդրման հնարավորություններին եւ կարտոֆիլի բերքահավաքի մեքենայացման աստիճանի բարձրացման ուղիներին։

Պրոֆեսոր Մարգարյանի դասախոսությունը նվիրված էր որոշ մշակաբույսերի մշակության եւ բերքահավաքի տեխնոլոգիաներին, մեքենաների ընտրությանը, դրանց շահագործման եւ տեխնիկական սպասարկման հիմունքներին:

Ագրոճարտարագիտության ոլորտի բազմափորձ մասնագետները առանձնահատուկ պատասխանատվությամբ են կատարում իրենց մասնագիտական եւ ինչու չէ՝ հայրենասիրական պարտքը՝ Արցախից տեղահանվածներին տրամադրելով արդիական գիտելիքներ եւ գործնական փորձ:

Սիսիանի մասնաճյուղը Արցախից տեղահանվածների համար դարձել է վերապատրաստվելու, նոր գիտելիքներ ու հմտություններ ստանալու, ավելին՝ ապագայի լավատեսական ծրագրեր կազմելու վայր:

Ավելի վաղ անցկացվել են դասընթացներ անասնաբուծության, հացահատիկային եւ հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության, ջերմատնային մշակաբույսերի արտադրության, հատապտուղների (ազնվամորի, մոշ) ու ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակության ժամանակակից տեխնոլոգիաներ թեմաներով: