Սթարմուս փառատոնում Ագրարայինը ներկայանում է ագրոտեխնոլոգիաների վերջին զարգացումներով

Սթարմուս VI փառատոնի շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մասնակցում է գիտության ճամբարին, որ ծավալվել է Ազատության հրապարակում։ Մասշտաբով, ընդգրկմամբ, նպատակայնությամբ ու մասնակցությամբ աննախադեպ այս իրադարձությունը արժանի է մեգափառատոնի փիլիսոփայությանն ու նշանակությանը։

ԱգրոՏեխ վերտառությամբ տաղավարում Ագրարային համալսարանը ներկայացավ ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում վերջին տարիներին իրականացված, այսպես ասենք՝ տեխնոլոգիական հեղափոխության մասին վկայող սարքերի ու մակետների փոքրիկ, բայց ներկայացուցչական ընտրանիով․ արդիական եւ գերարդիական թվային գեոդեզիական սարքեր ու գործիքներ՝ տախոմետրեր, բարձր ճշտության տեղորոշման սարքեր, լազերային եւ մեխանիկական հարթաչափեր, անշուշտ՝ նաեւ «թռչող ագրարայինցիները» գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքերը եւ այլն։ Այցելուների առանձնակի ուշադրությանն արժանացավ խելացի քաղաքի մոդելը, որ ստեղծել են Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի մի քանի ուսանողներ։

Գիտության ճամբարի միայն առաջին օրը մեր տաղավարի այցելուներից հարյուրավորները զուտ դպրոցականներ էին թե Երեւանից եւ թե տարբեր մարզերից, որոնց համար շրջայցը որոշակի իմաստով նաեւ մասնագիտական կողմնորոշման լավագույն հնարավորություն եղավ։ Պետք է արժանին մատուցել մեր գործընկեր Սթարմուս փառատոնի ամբողջ աշխատակազմին՝ այսպիսի կարեւոր իրադարձությունը եւ դրանում թիրախային խմբերի լայն մասնակցությունը բարձր մակարդակով ապահովելու համար։

Այցելուների ուշադրությանն արժանացան մեր բոլոր սարքավորումները, առավելեւս՝ մեր մարդիկ, որ սպառիչ տեղեկություններ հաղորդեցին ոչ միայն համալսարանում եւ առհասարակ գյուղատնտեսության ոլորտում ընթացող տեխնոլոգիական վերափոխումների, այլեւ այն մասին, թե սովորելու համար ինչ առաջնակարգ պայմաններ են ստեղծված Ագրարայինում։ Այս առումով էլ արժանին պետք է մատուցել Համալսարանի աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանին, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանին, ֆակուլտետի դասախոսներին, ՏՏ բաժնի մեր մասնագետներին եւ ճարտարագետ ուսանողներին։

Հայաստանում անցկացվող «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով գիտաերաժշտական փառատոնը նվիրված է Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին։ Փառատոնը Հայաստան է բերել աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների եւ համաշխարհային համբավ ունեցող երաժիշտների։