Ուսուցչի օրը հերթական առիթն է բարձրաձայնելու հասարակության, պետության եւ ազգի կյանքում ուսուցչի չափազանց կարեւոր դերի մասին եւ նրանց երախտիքի խոսք ուղղելու՝ դարեր շարունակ սերունդներ կրթելու, դաստիարակելու եւ մարդկության առաջընթացն ապահովող պատվավոր առաքելությունը կատարելու համար։
Մեր ուսուցիչներն այսօր էլ նույնչափ կարեւոր ու վճռական դերակատարություն ունեն հասարակության, պետության եւ ազգի կյանքում։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պարագայում այդ կարեւորագույն դերը վերապահված է համալսարանի Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի նվիրյալ մանկավարժներին, որոնց պրոֆեսիոնալ գործունեության շնորհիվ է նաեւ Ագրարային համալսարանին հաջողվում շարունակել վերընթաց շարժումը։
Տոնի առթիվ կուզենայի նաեւ ջերմորեն ողջունել ՀԱԱՀ-ի նախաձեռնած «Ագրոտեխնոլոգիական» խմբակների փորձնական ծրագիրը բարեհաջող իրականացնող Տավուշի եւ Սյունիքի մարզի 11 դպրոցների մանկավարժներին, որոնց փորձը ամբողջ երկրում տարածելու համար ստեղծվել են էական նախադրյալներ։
Ուսուցչի օրվա՝ հոկտեմբերի 5-ի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ ՀԱԱՀ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի, Սյունիքի եւ Տավուշի՝ «Ագրոտեխնոլոգիական» փորձնական ծրագիրն իրականացնող դպրոցների ուսուցիչներին ու մեր երկրի բոլոր ուսուցիչներին եւ մաղթում հաջողությունների նոր բնագծեր նվաճելու հաստատակամություն։