Դեկտեմբերի 18-ին կայացավ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Նիստի մեկնարկին պարոն Զաքոյանը տեղեկացրեց, որ ԿԳՄՍ նախարարի հետ պետական բուհերի ռեկտորների վերջին հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեման եղել է արդեն ուժի մեջ մտած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ նոր օրենքից բխող միջոցառումների իրականացումը։ Սկզբունքային անդրադարձ է եղել նաեւ բուհերում դեռեւս արմատախիլ չեղած կոռուպցիոն դրսեւորումներին։ Այս առումով ռեկտոր Զաքոյանի դիրքորոշումը ավելի քան հստակ էր՝ ազնիվ աշխատանքի սահմաններում «չտեղավորվելու» որեւէ դրսեւորում Ագրարայինում կտրականապես չի հանդուրժվելու։
Ռեկտորատի քարտուղար Էմմա Մխեյանի՝ նախորդ նիստի որոշումների կատարողականի վերաբերյալ զեկուցումից հետո ծրագրային հավատարմագրման համատեքստում մասնագիտական կրթական ծրագրերի փաթեթների լրամշակման վիճակի մասին զեկուցումով հանդես եկավ ՈԳԱ կենտրոնի տնօրեն Աննա Դաշտոյանը։ Նա մասնավորապես ներկայացրեց բակալավրիատում եւ մագիստրատուրայում բացակայող, գնահատման չներկայացված, ՈԳԱԿ-ի գնահատումից հետո ոչ լիարժեք լրամշակված ՄԿԾ փաթեթներին առնչվող եւ հարակից խնդիրներ եւ առաջարկեց բարելավմանն ուղղված լուծումներ։
Գիտելիքների ստուգման, թեստերի թարմացման եւ ընթացիկ քննությունների կազմակերպման վիճակի մասին զեկուցեց ՏՏ կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանը։ Մասնավորապես ներկայացվեցին ուսանողների թվաքանակի ավելացման բերումով քննությունների անցկացման հարցում առաջացած կազմակերպական դժվարությունները հաղթահարելու առաջարկներ։
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը ռեկտորատի ուշադրությանը ներկայացրեց համալսարանի աշխատակիցների խրախուսման (ներառյալ դրամական) ձեւերի, պարգեւատրման եւ լրավճարների տրամադրման կարգի նախագծի նախնական տարբերակը։ Այսպիսի կարգ ունենալու հարցը հասունացած էր․ արժանավորները, բուհի առաջընթացի գործում անձնական ներդրում ունեցողները պետք է խրախուսվեն առարկայական եւ արդարացի չափանիշների հիման վրա՝ թե բարոյապես, թե ֆինանսապես եւ թե պաշտոնեական առաջխաղացման ձեւով՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի դիրքորոշումն է։ Նա առաջարկեց ներկայացված նախնական փաստաթուղթը շրջանառել եւ առաջարկություններ ներկայացնել՝ մինչ նախագծի տեսքով այն ռեկտորատին ներկայացնելը։ Պրոռեկտոր Թովմասյանի առաջարկով նախագիծը օրակարգ կբերվի ռեկտորատի հունվարյան նիստում։
Օրակարգային հարցերից էին նաեւ «Ուսումնական գործընթացի կազմակերպման վիճակը հեռակա ուսուցման համակարգում եւ Ագրոբիզնեսի դեպարտամենտում», ինչպես նաեւ «Հեռակա ուսուցման համակարգի, Վանաձորի եւ Սիսիանի մասնաճյուղերի ավարտական կուրսերի դիպլոմային աշխատանքների կատարման ընթացքը եւ խնդիրները»։ Երկու դեպքում էլ արձանագրվեց աշխատանքների բնականոն ընթացքը։ Ուշագրավ դիտարկումներից մեկը վերաբերում էր ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտի՝ ներդրված նոր առարկաներին։ Ռեկտոր Զաքոյանը հորդորեց դրանց նկատմամբ երիտասարդության շրջանում առաջացած հետաքրքրությունը հավուր պատշաճի գնահատել եւ պատվով առաջ տանել նորարարական գիտակարգերի ուսուցման գործընթացը։
ՈԳԱ կենտրոնի տնօրեն Աննա Դաշտոյանը եւս մեկ հետաքրքիր հարցի մասին զեկուցեց, որը վերաբերում էր պրոֆեսորադասախոսական կազմի կարիքների գնահատմանը եւ վերլուծությանը։ Թեպետ աշխատակիցների շրջանում կենտրոնի անցկացրած հարցումը ներկայացուցչականության առումով նախորդ տարիների համեմատ, այնքան էլ շահեկան չէր, այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, բավականին հետաքրքիր պատկեր ուրվագծեց, մասնավորապես, վերապատրաստումների, գիտահետազոտական աշխատանքները խոչընդոտող դժվարությունների, դասավանդման գործընթացում տեխնոլոգիաների եւ էլեկտրոնային ռեսուրսների օգտագործման, գործընկերների հետ գործակցության եւ այլ տեսանկյուններից։ Տիկին Դաշտոյանը ներկայացրեց նաեւ բարելավման պլան։ Պրոռեկտոր Թովմասյանն անդրադարձավ ուսումնասիրության եւ վերլուծության կարեւորությանը՝ միաժամանակ ընդգծելով բարելավման ծրագրի բուն իրականացման առաջնահերթությունը։ Նշեց, որ հատուկ ուշադրություն է դարձվելու նախկինում նախանշված եւ չիրականացված գործողություններին։ Նպաստավոր կարող է լինել լսարանային ֆոնդի թարմացման՝ ընդունված ծրագիրը, իսկ մինչ այդ համալսարանում, ներառյալ՝ գիտական կենտրոններում առկա հնարավորություններն ավելի ճկուն կօգտագործվեն։
Ռեկտորատը հաստատեց նաեւ ՀԱԱՀ 95-ամյակի կապակցությամբ աշխատավարձի 100 տոկոսի չափով աշխատակիցներին պարգեւավճար հատկացնելու վերաբերյալ գլխավոր հաշվապահ Մարիամ Պողոսյանի առաջարկը։ Հիշեցնենք, որ նախորդիվ աշխատակիցները նաեւ «տասներեքերորդ» աշխատավարձ են ստացել։ Այս առթիվ ռեկտոր Հրաչյա Զաքոյանն ասաց, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցության շնորհիվ ընդունելության ցուցանիշների էական բարելավումը թույլ է տվել ապահովել նախատեսվածից ավելի մուտքեր անել համալսարանի բյուջե։ Ընդ որում, մասնաճյուղերում էլ կա դրական տեղաշարժ, մասնավորապես Սիսիանի մասնաճյուղում կարողացել են աշխատավարձերի բարձրացում կատարել։ Առհասարակ, համալսարանի ինքնաֆինանսավորվող ստորաբաժանումները պետք է ավելի արդյունավետ օգտագործեն սեփական ներուժը։



















