Ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունեց ԱԿԲԱ բանկի ղեկավարներին

Ռեկտոր Վարդան Ուռուտյանն այսօր ընդունեց ԱԿԲԱ բանկի խորհրդի նախագահ Ռաֆայել Սարգսյանին եւ վաճառքների խթանման եւ տարածաշրջանային կառավարման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նորիկ Նազարյանին։ Ռեկտոր Ուռուտյանի եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոնում, Ագրոդրոնների, Օրգանական գյուղատնտեսության, Ընդհանուր քիմիայի, Սննդամթերքի որակի հսկման, Գարեջրագործության եւ թորման, Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության ուսումնական լաբորատորիաներում, ջերմատանը, ինչպես նաեւ կենսատեխնոլոգիաների նորաստեղծ ինկուբատորում։

ԱԿԲԱ բանկի մեր գործընկերներն այն այցելուներից են, որոնք ամենայն խորությամբ են փորձում հասկանալ եւ ըստ արժանվույն գնահատել Ագրարայինում իրականացված եւ իրականացվող բարեփոխումները, լաբորատորիաներում իրականացվող ուսումնահետազոտական աշխատանքների նպատակը, ուղղվածությունը եւ պոտենցիալ ազդեցությունը աշխատաշուկայի եւ առհասարակ գյուղատնտեսության ոլորտի ընդհանուր զարգացման տեսակետից։

ԱԿԲԱ բանկի ղեկավարները, որ հազարավոր գյուղացիների հետ աշխատելու հսկայական փորձ ունեն, բարձր գնահատեցին, մասնավորապես, տարբեր ծրագրերի շրջանակներում ՀԱԱՀ-ի մասնագետների ուժերով ֆերմերների եւ շահակից այլ խմբերի վերապատրաստման լայն հնարավորությունները։ Նրանց համար տպավորիչ էին արդեն կայացած վերապատրաստումները, որոնց միջոցով հարյուրավոր մարդիկ բարձրացրել են մասնագիտական որակավորումը, կարիերայի առաջխաղացում ապահովել աշխատատեղերում, հիմնել սեփական ագրոբիզնեսը։  Հյուրերը պատրաստակամություն հայտնեցին համալսարանի հետ գործակցել իրենց բանկի վարկառուների վերապատրաստման հարցում, որը եռակողմ հետաքրքրություն կներկայացնի վարկառուի, բանկի (վարկերի ռիսկայնության նվազման առումով) եւ համալսարանի համար։

Այցելությունից եւ Ագրարային համալսարանում տեսածից շատ տպավորված հյուրերը պատրաստակամություն հայտնեցին նաեւ աջակցել գյուղական դպրոցներում ագրոտեխնոլոգիական ուղղվածության դասարանների ստեղծման՝ համալսարանի շատ կարեւոր նախաձեռնության իրականացման գործում։

Համալսարանն արդեն ունի ԱԿԲԱ բանկի եւ ԱԿԲԱ ֆեդերացիայի հետ գործակցության բավականին տպավորիչ փորձ։ Մեր գործընկերների աջակցությամբ են մասնավորապես իրականություն դարձել Ֆարմբոտ ռոբոտային համակարգը ուսումնական ջերմատանը, գարեջրագործության եւ թորման լաբորատորիան եւ այլն։