Ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ

Հայոց բանակի օրը՝ հունվարի 28-ը, ամենանվիրական տոներից մեկն է, որ երբեւէ ունեցել է հայ ժողովուրդը։ Մեր բանակը վերածնված անկախ պետականության, հաղթանակի ու արժանապատվության հոմանիշն է։

Հայոց բանակը ոչ միայն մեր անցյալ ու ապագա ռազմական հաղթանակների, այլեւ մեր վաղվա տնտեսական հզորության առհավատչյան է, խաղաղ, ստեղծագործ աշխատանքի պահապանն ու մեր մշակութային եզակիության երաշխավորը։ Պատմական վերջին ծանր փորձությունները եկան եւս մեկ անգամ հաստատելու այս հստակ իրողությունը, որքան էլ ցավալի ու թանկ եղավ մեր կորուստը։

Հայաստանի զինված ուժերի տոնի՝ Հայոց բանակի օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ մեր մարտիկներին եւ հրամանատարներին, այդ թվում Ագրարային համալսարանի ուսանողներին, համալսարանի աշխատակիցների զավակներին, մաղթում խաղաղ ծառայություն եւ բարի վերադարձ իրենց ընտանիքներ։

Սիրելի զինվորներ, ձեր դժվար, հայրենանվեր, հերոսական դրսեւորումներով լի զինվորական պարտքը շարունակեք կատարել մեր ազգային ամենանվիրական նպատակների բարձր գիտակցությամբ։ Մի բանում կարող եք վստահ լինել. այստեղ՝ թիկունքում, մենք ամեն օր կերտում ենք Հայրենիքի լավ ապագան՝ աշխատելով նորովի, բարելավելով կրթության որակը, ապահովելով մեր երկրի արժանապատիվ տեղն ու դերը տարածաշրջանում եւ աշխարհում, ձեր եւ վաղվա սերնդի համար ապահովելով խաղաղ աշխատանքի եւ բարեկեցիկ կյանքի հնարավորություն։

Աստված օրհնի Հայոց բանակը եւ հայ ժողովրդին։