ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը դիմել է համալսարանի միջազգային գործընկերներին՝ կոչ անելով իրենց համայնքներում բարձրաձայնել Արցախում առկա իրավիճակի, հայերի նկատմամբ Ադրբեջանի եւ իր հովանավոր պետությունների սանձազերծած ցեղասպանական գործողությունների, հազարամյակների իր բնօրրանից էթնիկ զտումների միջոցով դուրս մղելու քաղաքականության մասին։
Ռեկտոր Ուռուտյանը գործընկերներին տեղեկացրել է, որ միջազգային հանրությունը հանդուրժողական վերաբերմունք է հանդես բերել ավելի քան 9 ամիս տեւած անմարդկային շրջափակման, հայ ժողովրդի եւ մարդկության նկատմամբ Ադրբեջանի կատարած եւ շարունակվող հանցագործությունների նկատմամբ եւ արձագանքել է միայն այն ժամանակ, երբ արդեն չափազանց ուշ էր ցեղասպանությունն ու էթնիկ զտումը կանխելու համար։
«Սիրելի գործընկերներ, ակնկալվում է, որ Արցախից մոտ 100 հազար բռնի տեղահանվածներ կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն՝ թողնելով իրենց տները, քանի որ անհնար է ապրել Ադրբեջանի թելադրած պայմաններում, մի երկիր, որի զինվորները միջնադարյան դաժան ոճիրներ են գործում՝ չխնայելով ոչ ծերերին, որ կանանց ու երեխաներին։ Հայաստանը ջանքեր է գործադրում Արցախի ժողովրդի վիճակը բարելավելու ուղղությամբ, սակայն այսօր, ավելի քան երբեւէ, մեզ անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը՝ բուն Հայաստանի ինքնիշխանությունը պահպանելու, մեր ազգային անվտանգությունը, ժողովրդավարական ինստիտուտների կայացման շարունակականությունը (որն էլ հենց դարձել է Ադրբեջանի եւ իր հովանավորների աչքի փուշը) եւ տարածաշրջանում խաղաղ գոյակցությունն ապահովելու համար։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը եւ հայաստանյան բազմաթիվ այլ կրթական հաստատություններ վճռական են ծառայելու Արցախի մեր եղբայրների ու քույրերի մարդկային, ընկերային եւ կրթական շահերին։
Հարգելի բարեկամներ, ներկա իրավիճակում ձեր կողմից բոլոր հնարավոր ջանքերը մեծապես կարեւոր են․ սակայն իմ հիմնական խնդրանքն է իրազեկել ձեր համայնքներին՝ ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու հարցում Արցախի հայությանն օգնելու, Հայաստանի ինքնիշխանությանն ու ժողովրդավարությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու անհրաժեշտության վերաբերյալ։
Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար։ Աստված օրհնի բարի կամքի տեր մարդկանց ամբողջ աշխարհում։ Աստված օրհնի Հայաստանը եւ Արցախը», – ասվում է ՀԱԱՀ ռեկտորի ուղերձում։
- 27/09/2023
- 2023