Երեկ՝ մարտի 26-ին, կայացավ ՀԱԱՀ գործընկեր Ռազմավարական զարգացման գործակալության (ՌԶԳ) կողմից ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջին «Գազել» մակնիշի 16-տեղանոց մինիավտոբուսի նվիրաբերման հանդիսավոր արարողություն։ Նվիրաբերությունը կատարվել է ՌԶԳ-ի «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության եւ ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում։ Արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, ՌԶԳ-ի, համալսարանի գործընկեր մի շարք այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ներկաներին նախ ջերմորեն ողջունեց եւ շնորհավորեց ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ ծրագիրը գործում է գյուղատնտեսական մասնագիտությունների արդիականացման, քոլեջ-գործատու կապի ամրապնդման, աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան մասնագետների պատրաստման եւ Հայաստանում միջազգային առաջատար փորձի ներդրման ուղղություններով։
Ողջունելով եւ շնորհավորելով քոլեջի ուսանողներին եւ ՀԱԱՀ հանրույթին, ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Արմենուհի Պողոսյանը մասնավորապես ասաց․ «Հուսով եմ, որ թե ՄԱՎԵՏԱ-ն եւ թե առհասարակ ՌԶԳ-ի իրականացրած ծրագրերը կծառայեն կառավարության կողմից գերակա ոլորտ հռչակված գյուղատնտեսության զարգացման մեր համատեղ բազմաթիվ նպատակներին։ Ուզում եմ շեշտել, որ ՄԱՎԵՏԱ ծրագիրը ԿԳՄՍ նախարարությանն օժանդակում է թե բովանդակապես եւ թե հաստատութենական մակարդակում ու ենթակառուցվածքներ ստեղծելով։ Շնորհակալ եմ եւ ուրախ եմ մեր ուսանողների համար․ հուսով եմ, որ այն բոլոր միջոցները, որ ստեղծում են համալսարանը եւ գործընկեր կազմակերպությունները, կօգնեն նրանց հարթելու իրենց հետագա մասնագիտական ճանապարհը»։
ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող, նորընտիր ռեկտոր Հրաչյա Զաքոյանը ջերմորեն ողջունեց ներկաներին Ագրարայինի հյուրընկալ միջավայրում, որտեղ մեր աջակիցներն ընկալվում են որպես նվիրյալ ընկերներ։ «Առանց այսպիսի փոխհարաբերությունների, դժվար կլիներ պատկերացնել վերջին վեց տարիներին Ագրարայինում շուրջ վեց տասնյակ նորարարական ենթակառույցների ստեղծումը։ Ռազմավարական զարգացման գործակալությունը տարիների մեր հուսալի գործընկերն է․ ուզում եմ հիշեցնել, որ ՌԶԳ-ի աջակցությամբ ենք հիմնել Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիան, Բալահովիտի Կաթնամթերքի վարպետաց դպրոցը, իսկ Սիսիանի մասնաճյուղում վերջերս բացված խելացի անասնաշենքի համար ՌԶԳ-ն կենդանիներ է նվիրաբերել։ Նման համագործակցությունը ցույց է տալիս, որ Ագրարային համալսարանի դերակատարությունը կարեւորվում է ոչ միայն պետականորեն, այլեւ մեր բազմաթիվ գործընկերների շրջանում, եւ այդ համագործակցությունը լուրջ նախադրյալ է ստեղծում համալսարանի առաջընթացի համար։ Շնորհակալություն ՌԶԳ-ին այս նվիրաբերության համար։ Ագրարայինի ամբողջ հանրույթի եւ բոլոր ուսանողների անունից շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին ու դոնորներին՝ Ագրարային համալսարանի նկատմամբ այսպիսի վերաբերմունքի, նրա բացառիկ դերակատարությունը կարեւորելու, բուհի կողքին լինելու եւ բուհի առաջընթացին հավատալու համար», – ասաց պարոն Զաքոյանը։
Նորընտիր ռեկտորը հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը եւ ԿԳՄՍ նախարարությանը՝ ոչ միայն այս ծրագրի շրջանակում ցուցաբերած օժանդակության, այլեւ առկա համակարգում սովորողներին 70 հազար դրամ կրթաթոշակ տրամադրելու համար։
Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց ՌԶԳ գործընկերներին՝ նվիրաբերած տրանսպորտային միջոցի համար, որը մեծ նշանակություն կունենա ուսանողների ուսումնաճանաչողական ուղեւորությունները եւ փորձուսուցումները արդյունավետ կազմակերպելու համար։ Նշեց, որ քոլեջում այսօր դուալ համակարգով իրականացվում է 10 կրթական ծրագիր, որոնցում ընդգրկված է 300 ուսանող․ այս ցուցանիշներով մեր քոլեջը երկրում առաջատարն է։ Դուալ համակարգի ներդրման եւ բնականոն զարգացման համար պարոն Վարդանյանը շնորհակալություն հայտնեց ԿԳՄՍ նախարարությանը եւ ՌԶԳ-ին։ Իսկ պետության սահմանած 50 հազար դրամ կրթաթոշակից օգտվում են 5 կրթական ծրագրերի ուսանողները, շուտով կավելանա 6-րդը։
Ողջույնի եւ շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաեւ ՌԶԳ-ի եւ ՀԱԱՀ-ի գործընկեր Վանանդ Ագրո ընկերության գործառնական տնօրեն Բաբկեն Բաբայանը։ Նա շնորհավորեց բոլորին կարեւոր ձեռքբերման համար եւ հույս հայտնեց, որ այն լիարժեք կերպով կծառայի իր նպատակին։ «Անհամբեր սպասում ենք, որ նոր մեքենան ուսանողներին տեղափոխի մեր այգիներ՝ գործնական հմտություններ ձեռք բերելու նպատակով։ Լավ գործի հաջողության գրավականը լավ գործընկերներ ունենալն է, ինչպիսիք են մեզ հետ համագործակցող ԿԳՄՍ նախարարությունը, ՌԶԳ-ն, Ագրարային համալսարանը եւ քոլեջները։ Մենք լիահույս ենք, որ ծրագրի երկրորդ փուլում կավելանա թե քոլեջների եւ թե գործատուների քանակը, որը եւ որակյալ մասնագիտական աշխատուժ կապահովի գյուղատնտեսության ոլորտի համար», – ասաց պարոն Բաբայանը։
«Մեր քոլեջը Հայաստանում դուալ կրթություն տվող եզակիներից է․ մեր ուսումնառության ժամանակի մեծ մասն անցկացնում ենք արտադրությունում, որը վճռական դեր է խաղում մասնագետ դառնալու հարցում։ Ինչպես եւ քույրս, որ մեր քոլեջի շրջանավարտ է եւ այժմ կրթությունը շարունակում է Ագրարային համալսարանում, կարող եմ ասել, որ ես նույնպես, այստեղ գալով՝ կայացրել եմ կյանքիս ամենակարեւոր որոշումը։ Շնորհակալություն մեր քոլեջի բոլոր աջակիցներին»,- սա էլ քոլեջի Գինեգործություն, խաղողագործություն եւ էնոլոգիա մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Մանե Ղազարյանի խոսքն էր։
ՀԱԱՀ շարունակական զարգացմանը նպաստելու համար պարոն Զաքոյանը շնորհակալագիր հանձնեց ՌԶԳ ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանին։