Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակել է 2023-2024 ուսումնական տարում բուհերի բակալավրի եւ մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային եւ կարեւորություն ունեցող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը հաստատելու մասին որոշման նախագիծը։
Ըստ այդմ, պետության համար առաջնային եւ կարեւորություն ունեցող կրթական ծրագրերի ցանկի մեջ են ներառվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գործնականում բոլոր մասնագիտությունները, բացառությամբ տնտեսագիտական մասնագիտությունների։
Այսպիսով, 2023-2024 ուստարվա առկա ուսուցմամբ սովորող առաջին կուրսի բոլոր ուսանողներին, անկախ այն հանգամանքից՝ վճարովի համակարգ են ընդունվել, թե անվճար, նախատեսվում է հատկացնել ամսական 70 հազար դրամ կրթաթոշակ։ Հաջորդ կուրսերում, նախորդ ուսումնական տարվա առավելագույն միջին որակական գնահատականի (ՄՈԳ) 90,01 % եւ բարձր ցուցանիշ ապահովող ուսանողների համար նախատեսվում է 77 հազար դրամ։
Սա նշանակում է, որ պետությունը վճռական ու կարեւորագույն առաջընթաց քայլ է անում երկրի տնտեսության գերակա ճյուղերից մեկի՝ ագրարային ոլորտի անընդհատ զարգացող աշխատաշուկան որակյալ կադրերով համալրելու ուղղությամբ, աննախադեպ քայլ, որով ոլորտի կրթության որակի բարձրացմանն ուղղված՝ Ագրարային համալսարանի վերջին տարիների ջանքերը հանգում են պետական համարժեք ու ներդաշնակ աջակցության։
Կառավարությունը նախատեսում է նաեւ առանց ծնողական խնամքի մնացած եւ հաշմանդամություն ունեցող ուսանողներին, ըստ առաջադիմության, տրամադրել 50 հազար դրամ կրթաթոշակ։
Որոշման նախագծի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: