Ուսուցման հեռակա համակարգ․ դեկանները դիմավորում են նոր համալրումը

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Պարենամթերքի տեխնոլոգիաների եւ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների դեկանները (համապատասխանաբար՝ Սմբատ Դավեյան եւ Արման Սիմոնյան) դիմավորեցին նոր համալրման հերթական հոսքերի ուսանողներին: Այս ձեւաչափով երկրորդ հանդիպումն է, որը շատ հեշտացնում է «նորեկների»՝ անծանոթ միջավայրը ճանաչելու, լսարանային հաճախ հուսահատ փնտրտուքը, նոր պայմաններին հարմարվելու բավականին բարդ գործընթացը:

Դեկանատների աշխատակցուհիները ուսանողներին՝ ըստ մասնագիտությունների, ուղեկցում են լսարաններ, իրազեկում են նրանց պարտականությունների եւ իրավունքների մասին:

– Բարի գալուստ ագրարայինի ճարտարագիտության ընտանիք։ Ձեր առջեւ բացվում են աննախադեպ հնարավորություններ, այդ թվում՝ միջազգային գործընկեր համալսարաններում ուսումը շարունակելու եւ աշխատաշուկայում մրցունակ մասնագետ դառնալու համար, – ասաց պարոն Սիմոնյանը։

-Բարի գալուստ եւ կանաչ ճանապարհ,- դիմելով ուսանողներին ասում է պարոն Դավեյանը,-դուք ընտրել եք լավագույն բուհերից մեկի լավագույն մասնագիտություններից մեկը (դահլիճում պարենամթերքի տեխնոլոգներն ու սննդամթերքի անվտանգության ապագա մասնագետներն էին):

Իսկապես, բոլոր ժամանակների համար կարեւոր ու անփոխարինելի մասնագետներ է պատրաստել-պատրաստում Ագրարայինը: Եւ համոզված ենք, կպատրաստի նաեւ ապագայում՝ նույն նվիրումով-սիրով: