Ուսումնափորձնական վարժանք. հաջողված գործակցություն ԱԻՆ-ի հետ

«Երբեմն լինում է այնպես, որ պետք է կռվես հանգամանքների դեմ»,- ասում էր Քսենոֆոնն ու շարունակում, թե դրանք հաղթահարելը հեշտ չէ: Հեշտ չէ, եթե անպատրաստ ես: Իսկ տարերային հանգամանքներից, ցավոք, ոչ ոք ապահովագրված չէ (մեր տարածաշրջանը հատկապես): Ուրեմն՝ պարտավոր ենք պատրաստ լինել: Մի՛շտ:

Ուսումնական վարժանք իրականացվեց ՀԱԱՀ երկրորդ մասնաշենքում: Թեման էր՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ հետեւանքների վերացումը»: Դեռ օրեր առաջ քաղպաշտպանության պաշտոնաթող գնդապետ Բենիամին Շամխալյանը հանդիպել էր ուսանողների հետ, ներկայացրել էր անելիքները: Առաջին-անհետաձգելի բուժօգնության գործի պատասխանատուն էլ համալսարանի բուժկետի բժշկուհի Հեղինե Կարախանյանն էր: Վարժանքին մասնակցեց ԱԻՆ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի 3-րդ օղակը:

Ըստ «լեգենդի», հրդեհ էր բռնկվել ՀԱԱՀ երկրորդ մասնաշենքի առաջին հարկում՝ արխիվում: Ամեն ինչ արվեց հստակ, գրագետ. եւ՛ իրազեկման, եւ՛ տարհանման աշխատանքերը: Եւ՛ հրշեջները հասցրեցին «կրակին պատանդ» մնացած գեղեցկուհուն փրկել-դուրս բերել հինգերորդ հարկի պատուհանից: Եւ՛ փակ, առանց արյունահոսության վիրավորներին ուսանողները կարողացան վիրակապել, ամրակայել եւ աթոռով, մյուս դեպքում՝ պատգարակով տեղափոխել անվտանգ գոտի: Երրորդ դեպքում երկու ուսանողի սովորեցրին աշխատել նաեւ կրակմարիչով՝ հրավիրելով նրանց ինքնուրույն փորձել նաեւ այս գործողությունը:

Լավ փորձառություն էր, բայց ինչպես ժողովուրդն է ասում՝ Աստված պետք չբերի: Հատկապես այսօր՝ սեպտեմբերի 27-ին, այս ամենն ավելի հուզական ու ազդեցիկ էր բոլորիս համար…