Ուխտագնացություն Եռաբլուր․ Ագրարայինի անմահ հերոսների հիշատակը պարտավորեցնում է

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատվիրակությունը երեկ՝ մայիսի 10-ին, այցելեց համալսարանի՝ Եռաբլուրում հանգչող հերոսներից մի քանիսի շիրիմներին։ Ուխտագնացությունը նվիրված էր Հաղթանակի օրվան՝ մայիսի 9-ին։

Ագրարային համալսարանի ուսանողների ու շրջանավարտների ներդրումը ծանրակշիռ է եղել ինչպես կրթության, գիտության ու արտադրության ոլորտներում, այնպես էլ, պատերազմների պատմության մեջ՝ սկսած Երկրորդ աշխարհամարտից, որ դարակազմիկ եղավ ու փոխեց աշխարհը, մինչեւ 44-օրյա արհավիրքը, որ դարձյալ շրջադարձային եղավ՝ խլելով նաեւ մեր համալսարանի 44 պայծառ ուսանողների կյանքը։

Մի բան հստակ է․ եթե ինչ-որ տեղ, թշնամական ճամբարներում ինչ-որ մեկը դեռ կասկածներ ունի, մենք Ագրարայինում վստահ ենք, որ հանուն Հայրենիքի անմահացած հերոսների գործը նույնպես անմահ է եւ դեռ խոսելու է դարերի հոլովույթում, դեռ կերտելու է Հայաստանի նո΄ր պատմությունը։ Ագրարային համալսարանն իր այսօրվա աշխատանքով ու աշխատաոճով, երկիրը հացով եւ գիտությամբ կերակրելու իր կարողականությամբ, աշխարհի հետ հարաբերվելու իր մակարդակով արժանի է մեր հերոսների անվախճան հիշատակին։