Ուժեղ բիզնես պլաններ՝ ագրարային տնտեսագիտության եւ գինեգործության յուրահատուկ ոլորտների ապագա առաջնորդներից

Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արման Հարությունյանը դեկտեմբերի 24-ին հերթական անգամ ընդունում էր Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն եւ Ագրոբիզնես եւ ֆինանսներ մասնագիտությունների 3-րդ կուրսերի ուսանողների ինքնուրույն աշխատանքները՝ դասախոսական «ընդլյանված» կազմի ներկայությամբ։

Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հրաչյա Գրիգորյանը մեկ նախադասությամբ ձեւակերպեց ուսանողներից ունեցած ակնկալիքը՝ ներկայացվող բիզնես պլանները, «դասական» բաղադրիչներից բացի, պետք է արտացոլեն թիմային աշխատանքը, աշխատանքի բաժանումը եւ կապիտալ ներդրումների համար հիմնավորված առաջարկներ պոտենցիալ «ներդրողներին»՝ դասախոսներին։

Գինեգործական «Աստղիկ» ընկերության բիզնես պլանի տարբեր բաղադրիչները հմտորեն ներկայացրեցին թիմի տարբեր անդամներ՝ գլխավոր կառավարչի գլխավորությամբ։ Թե ինչ վերջնական գնահատական կստանան դասախոսից, որը ներկայացման ժամանակ խիստ սակավախոս էր՝ ներկաները չէին կարող իմանալ, սակայն բոլորն էլ հավանեցին ուսանողների՝ կատարելապես ինքնուրույն աշխատանքը, ներկայացման հմտությունը եւ, անշուշտ, բուն գինին։ Պարոն Հարությունյանի ժլատ ու դիպուկ գնահատականներից մեկն էր՝ «Գաղափարն ու գաղափարախոսությունը լավն էին․ աշխատեք ավելի անկաշկանդ ներկայացնել, հաջորդ անգամ ներգրավեք այլ մասնագիտությունների գործընկեր ուսանողների, որ նախագիծն ավելի հզոր լինի՝ ֆինանսապես, իրավականորեն․ ապրեք»։

Ագրոբիզնես եւ ֆինանսներ մասնագիտության երրորդկուրսեցիներն արդեն հանդես եկան առանձին-առանձին։ Գինու գործարան Արմավիրում, ելակի արտադրություն Վայոց ձորում, սեղանի խաղողի արտադրություն Արարատում, էկոլոգիական ջերմատնային տնտեսություն, բնական չրեր, մեղվաբուծություն եւ այլն․ արտադրանքն ու վայրերը տարբեր էին, բայց բոլոր բիզնես պլանները պատրաստվել էին իրական պահանջարկի հիման վրա՝ հաշվի առնելով մրցակցային միջավայրը, կիրառելով շուկայավարման խելամիտ ռազմավարություն եւ ֆինանսական պլան, հստակ պատկերացնելով թիրախային գնորդներին, նախնական ծավալները, տեխնոլոգիական ամբողջական շրջափուլը, գնահատելով առկա ռիսկերը եւ պետական աջակցության հնարավորությունները եւ այլն։

Ինչպես նշեց Արման Հարությունյանը, բիզնես սպլանները անթերի չեն, սակայն համապատասխանում են տեսական դասընթացի ժամանակ ուսուցանված չափանիշներին։ Հարցուպատասխանի, քննարկումների ժամանակ, բացի աշխատանքների՝ «միկրո» մակարդակի վերլուծություններից, ուսանողներին կարեւոր ուղերձ հղեցին պարոն Հարությունյանը եւ մյուս դասախոսները․ գյուղատնտեսական տնտեսագիտությունը շատ յուրահատուկ մասնագիտական ոլորտ է, որ պահանջում զուտ ագրարային գիտակարգերի ավելի լավ իմացություն։ Սա մասնավորապես ենթադրում է ուսումնառության մնացած ժամանակի ընթացքում ավելի սերտ, համատեղ աշխատանք ագրարային մասնագիտությունների ուսանողների հետ։

«Եթե զգում եք, որ ոլորտը ձերն է՝ ապա այսօրվա ձեր աշխատանքները համարեք մեկ աղյուս ձեր ապագա ավարտական աշխատանքների համար», – ասաց դոցենտ Հարությունյանը։