Անասնաբուժական-անասնաբուծական ֆակուլտետի ուսանողական գիտաժողովները (նախագահ՝ Արեւիկ Աբովյան, քարտուղար՝ Ժիրայր Չիթչյան, ՈւԳԸ նախագահ՝ Մաշա Վարդանյան) ավանդաբար միշտ ուժեղ կազմ են ունեցել, եւ արդյունավետ են եղել: Հիմքում մեկ կարեւոր հանգամանք է. եւ պրոֆեսորադասախոսական կազմը, եւ ուսանողներն իրենց գործի ճշմարիտ նվիրյալներ են՝ տոգորված բարձր գիտակցություն-համոզմամբ, որ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի, հանրային առողջության պահպանման եւ սննդային անվտանգության գլխավոր պատասխանատուներն են:
Մայիսի 16-ին հրավիրված նիստում ներկայացվեց 14 զեկուցում, ընդսմին մասնակցում էին բակալավրիատի, մագիստրատուրայի եւ հեռակա համակարգի (այս հանգամանքը հատկապես ուրախալի է) ուսանողները: Անաչառ ժյուրին հատկապես բարձր գնահատեց Գոռ Օհանյանի (բուժ.-3, «Տուբերկուլյոզով հիվանդ վայրի կենդանիների ախտաբանա-անատոմիական ախտորոշումը»), Հռիփսիմե Գեւորգյանի (բուժ.-3, «Թափառող շների հելմինթոզների տարածվածությունը Երեւան քաղաքում»), Գեւորգ Օհանյանի (բուժ.-3, «ՄԵԿ-ի բրուցելյոզի տարածվածության ուսումնասիրությունը Հայաստանի որոշ համայնքներում») աշխատանքները:
ՈՒԳ շաբաթը նաեւ մասնագիտության ասպարեզում կայացած, ակնառու գործիչների հետ հանդիպելու պատեհ հնարավորություն է: Ամսի 17-ին հետաքրքիր հանդիպումներ եղան Էստոնիայի կենսաբանական գիտությունների համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Առնիի (ներկայացրեց «Կենդանիների բարեկեցությունը։ Անտրոպոմորֆիզմ։ Սենտիմենտալ անտրոպոմորֆիզմ» թեման) եւ մեր բուհի լավագույն շրջանավարտներից մեկի՝ կ.գ.թ. Վահե Մկրտչյանի հետ, որի հիմնած կենդանաբուժական կլինիկան լավագույններից է մեր երկրում:
ՈՒԳ շաբաթն աշխատանքներն ամփոփում է այսօր՝ ՀԱԱՀ ագրոճամբարում: Շնորհավորում ենք մեր լավագույն սաներին, մաղթում ենք նոր նվաճումներ գիտահետազոտական ոլորտում: