Ուսումնական տարեմուտին համալսարանն ուսանողներին դիմավորեց շարունակական բարեփոխումների ու նորացման ոգով, ինչպես նաեւ շինվերակառուցման բուռն, վաղուց մեր առօրյայի մաս դարձած աշխատանքներով:
Ավարտվել են կենսատեխնոլոգիաների ինկուբատորի շինվերակառուցողական աշխատանքները: Ավարտին են մոտենում ինկուբատորի կահավորման եւ արդիական սարքավորումներով հագեցման աշխատանքները: Կենսատեխնոլոգիաների ինկուբատորը հիմնվում է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ համատեղ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ: Ինկուբատորը լուրջ ներդրում կունենա, մասնավորապես, կենսատեխնոլոգիական ստարտափների զարգացման գործում:
Ավարտական փուլում է նաեւ միկրոգարեջրագործության, հացի եւ հրուշակեղենի արտադրամասերի շինարարական-վերակառուցողական աշխատանքները: Ժամանակակից արտադրական այս հնարավորությունները աննախադեպ են՝ ապագա մասնագետներին գործնական հմտություններով զինելու տեսակետից:
Համալսարանի «Զարթոնք» հանգստյան տան տարածքում ավարտին է մոտեցել «Ագրոճամբար» նորարարական ուսուցման և վերապատրաստման կենտրոնի շինարարությունը: Ուսանողների, ֆերմերների, թիրախային այլ խմբերի ուսուցումը ու վերապատրաստումը Ագրոճամբարում զուգակցվելու է շրջանաձեւ տնտեսության համակարգի ներդրմամբ:
Իսկ համալսարանի շենքից դուրս ուսանողներին սպասում են օրեցօր առողջացող մեր ուսումնափորձնական տնտեսություններում, այդ թվում՝ նորատունկ ինտենսիվ այգիներում: