ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի մաթեմատիկայի ուսուցչուհի Նելլի Խաչատրյանն արժանացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շնորհակալագրի՝ որպես 2021թ. «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթողներից մեկը: Մրցույթին ներկայացված 300 հայտերից հաղթող է ճանաչվել 29 ծրագիր, այդ թվում՝ «Ես եւ իմ երկիրը» ծրագիրը, որն իրականացրել են վարժարանի աշակերտները՝ տիկին Խաչատրյանի ղեկավարությամբ:
Ես եւ իմ երկիրը («Me and country») մշակութային ուղղվածության նախագիծն իրականացվել է Եվրամիության Էրազմուս+ ծրագրի Իթվինինգ նախագծի շրջանակում, որում վարժարանը ներգրավված է 2019թ.-ից: 2020թ.-ի հոկտեմբերից մինչեւ 2021թ.-ի հունիսը վարժարանի սաները ծանոթացել են Բելգիայի, Լեհաստանի, Խորվաթիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի ժողովուրդների ավանդույթներին, սովորույթներին, արվեստին եւ խոհանոցին, ինչպես նաեւ այդ երկրների աշխարհագրությանն ու տնտեսությանը: Ամեն ամիս այդ երկրների ուսումնական հաստատությունների 15-19 տարեկան սովորողների հետ նրանք շփվել են առցանց հանդիպումների միջոցով՝ հաղորդակցվելով անգլերենով: Մերոնք նաեւ մեծ խանդավառությամբ իրենց արտասահմանցի հասակակիցներին եւ նրանց ուսուցիչներին են ներկայացրել Հայաստանը:
«Ես եւ իմ երկիրը» նախագծի տարբերանշանի մրցույթում հենց մեր վարժարանցիներն էին հաղթել:
Նելլի Խաչատրյանը այս սեպտեմբերից նաեւ վարժարանի բնագիտամաթեմատիկական մասնախմբի ղեկավարն է եւ նույն ջանասիրությամբ համակարգում է այս ոլորտի աշխատանքները: Տիկին Խաչատրյանը սեպտեմբերի 25-ին կայացած կամավոր ատեստավորման մասնակիցներից է եւ մաթեմատիկա առարկայից ապահովել է 99%-անոց արդյունք:
Նելլի Խաչատրյանն իր հաջողությունը նվիրում է 44-օրյա պատերազմում անմահացած իր զավակի եւ մյուս հերոս տղաների հիշատակին եւ իր մտքի ու հոգու ամբողջ զորությամբ շարունակում է նվիրյալ մանկավարժի իր առաքելությունը: