Ճշգրիտ գյուղատնտեսություն կրթական ծրագրի անդրանիկ խմբի ուսանողների համար բուն դասընթացն արդեն տարբերվող, նորարարական ու հետաքրքիր է։ Ուսանողներն ամեն օր ծանոթանում են նորաստեղծ մասնագիտությանն առնչվող հասկացություններին, մոտեցումներին, սկզբունքներին ու «գաղտնիքներին»։ Եվ դա անում են ոչ միայն բուն դասընթացի ժամանակ։
Ոլորտի փորձագետների հետ այս մասնագիտության ուսանողների պարբերական հանդիպումները դառնում են գործելակերպ եւ լավ ավանդույթ, որ ճշգրիտ գյուղատնտեսության նախամարտիկների համար առանձնահատուկ նշանակություն ունեն՝ արժեքավոր տեղեկույթ եւ գործնական փորձ ձեռք բերելու առումով։ Այդպիսի հերթական հանդիպումը կայացավ «Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ ծրագրի ղեկավար, տեխ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Արա Ամիրյանի նախաձեռնությամբ։
Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ձեռնարկատիրական ծրագրերի ղեկավար, Գիտության եւ տեխնոլոգիայի հրեշտակների ցանցի (STAN) գլխավոր տնօրեն Ռուբեն Օսիպյանը Ճշգրիտ գյուղատնտեսություն կրթական ծրագրի ուսանողներին հաղորդակից դարձրեց առհասարակ բիզնես հրեշտակների ներդրումների համաշխարհային էկոհամակարգին եւ Հայաստանում ոլորտի զարգացման ներկա փուլին։ Պարոն Օսիպյանը, որ մեր երկրում ոլորտի առաջատար փորձագետներից մեկն է, մեծապես կարեւորում է կրթության դերը, բարձր գնահատում եւ մեծ հույսեր կապում Ագրարային համալսարանում Ճշգրիտ գյուղատնտեսություն մասնագիտության ներդրման հետ․ պատահական չէ, որ նա Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետին կից Արդյունաբերական խորհրդի ակտիվ ու հետեւողական անդամներից է։
Փորձագետը, որ ինտերակտիվ ոճով էր վարում հանդիպումը, սկսեց ստարտափների մասին սպառիչ ձեւակերպմամբ, որից հետո ներկայացրեց հայաստանյան տեխնոլոգիական էկոհամակարգի ուրվագիծը։ Խոսեց Հայաստանում ստարտափ էկոհամակարգի ձեւավորման ընթացքի, դժվարությունների, 57 հազար աշխատող ունեցող տեխնոլոգիական ոլորտի, Հայաստանում գործող 4 յունիքորն (ստարտափ, որի շուկայական արժեքը գերազանցում է 1 մլրդ դոլարը) ընկերությունների մասին, կատարեց հրեշտակային ներդրումների մանրամասն «զննություն»:
Պարոն Օսիպյանը մասնավորապես ներկայացրեց Հայաստանում գործող հրեշտակների 4 ակտիվ ցանցերը (որոնցից մեկն էլ իր ղեկավարած STAN-ն է), որոնք տարեկան 5-6 ԱՄՆ դոլարի ներդրումներ են անում։ Ուսանողների տված բազմաթիվ, ի դեպ՝ բավականին իրազեկ հարցերի մեջ գերակայում էին հենց հրեշտակային ներդրումներին վերաբերողները։ Բանախոսը հետաքրքիր մի փաստի մասին էլ տեղեկացրեց․ պարզվում է՝ մեր երկրում հրեշտակ ներդրողներն ավելի շատ փող ունեն, քան այս պահին եղած ստարտափներն են․ վերջինների գինը գնալով բարձրանում է, մրցակցությունը պակասում, եւ այդպիսով էկոհամակարգը տուժում է։
Տեխնոլոգիական համաշխարհային էկոհամակարգի այլեւս «սանձազերծված» զարգացման համատեքստում պարոն Օսիպյանը փոքրիկ Հայաստանի մրցակցային առավելություն է դիտարկում Սփյուռքը, որի գործիչների հետ ամուր կապերը ապահովում են հայաստանյան ստարտափների կապը Սիլիկոնյան հովտի հետ․․․
Ընդհանուր առմամբ, ոլորտում մեր երկրի հարակայուն ազդեցությունը պայմանավորված է նաեւ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմամբ, իսկ դրա համար աբհրաժեշտ է բաց լինել ոչ միայն զուտ հայկական, այլեւ օտար ստարտափների համար՝ ամփոփեց պարոն Օսիպյանը։