Երեւանի ձիասպորտի ֆեդերացիայի (ԵՁՖ), MALKS ասոցիացիայի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հայաստանի համատեղ ծրագրի, MALKS ասոցիացիայի հոգեբարձուների խորհրդի անդամներ Նորիկ Մելքոնյանի եւ Արմեն Աղաջանյանի ֆինանսական օժանդակության շնորհիվ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մի խումբ ուսանողներ մեկամսյա մասնագիտական փորձուսուցում անցան ձիասպորտի Maxima Stables ուսումնամարզական կենտրոնում:
Փորձուսուցման ընթացքում ուսանողները նաեւ մասնակցեցին հուլիսի 28-ից 31-ը MaximaVet կլինիկայում կազմակերպված Մարզական անասնաբուժության եվրասիական սեմինարին, որի ժամանակ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը հանդես եկավ զեկույցով:
Ուսանողների փորձուսուցումը ՀԱԱՀ-ի եւ Երեւանի ձիասպորտի ֆեդերացիայի միջեւ վերջերս կնքված համագործակցության հուշագրի գործնական իրականացման առաջին քայլերից էր։ Մարզական անասնաբուժության հեռանկարային ոլորտի զարգացման պատասխանատվությունը ստանձնած համալսարանը եւ ֆեդերացիան այս ուղղությամբ նախատեսել են ուսումնագործնական համալիր ձեռնարկումներ ու հետեւողական աշխատանք։