Վերջին շրջանում մեր բուհական կյանքի ամենակարեւոր դրական փոփոխություններից մեկը ուսանողական ինքնավար կառույցների՝ ուսխորհրդի եւ ուսանողական գիտական ընկերության աշխատանքների ակնհայտ աշխուժացումն է: Ապրիլի 17-ին ամփոփվող գիտական շաբաթն այդ ջանքերի լավագույն վկայությունն է: Երիտասարդները հանդես էին գալիս զեկուցումներով, կազմակերպչական մեծ գործ էին անում, նոր գաղափարներով ներկայանում:
ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ բոլորովին նոր ձեւաչափով քննարկում էր՝ նվիրված բնապահպանական, հատկապես անտառի խնդիրներին, որը վարում էր մագիստրանտ, բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի ներկայացուցիչ Էդիտա Քասինյանը: Հրավիրված էին Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Մարկոսյանը, դոցենտ Հասմիկ Խուրշուդյանը, դասախոս Արթուր Ալավերդյանը, GIZ խորհրդատու Աղասի Մնացյանը: Ուշագրավ է, որ քննարկմանը մասնակցում էին հիմնականում տնտեսագետները (ուսանող եւ աշխատակիցներ)՝ ֆակուլտետի դեկան Հրաչյա Գրիգորյանի առաջնորդությամբ:
Թեման-խնդիրները-արծարծվող հարցերը կենսական-ռազմավարական նշանակություն ունեն երկրի համար, բնականաբար անտարբերներ չկային:
Անտառը յուրօրինակ, բարդ, անփոխարինելի բնահամակարգ է, որ հատուկ խնամք, կառավարում, անդադար իրականացվող ռազմավարական ծրագրերի կարիք ունի: Ընդ սմին, հոգածության ծիրում պետք է լինեն ոչ միայն տարածքների պահպանումը, ընդլայնումը, այլ, որ շատ ավելի կարեւոր է՝ որակի բարելավումը: Եւ այստեղ մեծ է գրագետ, բարձր կարողություններ-գիտելիքներով օժտված մասնագետների դերը:
Ագրարայինը, որ ունի անտառագիտության տասնամյակներով չափվող ավանդույթներ՝ կադրերի պատրաստման-վերապատրաստման ուղղությամբ մեծ առաքելություն ունի: Կառավարությունը, ոլորտի դերը հաշվի առնելով, թոշակ է սահմանել նաեւ կրթական այս ծրագիրն ընտրած ուսանողների եւ մագիստրանտների համար: Ցավոք, համալրման ընթացքը գոհացնող չէ: Եւ անբացատրելի է, թե ինչպե՞ս-ինչո՞ւ աշխարհում այդքան գնահատված, պահանջարկ ունեցող մասնագիտության հանդեպ անհաղորդ են մեր երիտասարդները… Մինչդեռ, ամբիոնն անդադար լավարկում եւ կատարելագործում է ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը, որոնք ժամանակի պահանջներին, միջազգային չափորոշիչներին խիստ համահունչ են:
Քննարկումն ամփոփեցին եւ բարձր գնահատեցին ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը եւ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը:
-Քննարկումը կայացավ: Եւ այս ձեւաչափով նոր հանդիպումները, համոզված եմ, շարունակական կլինեն,-ասաց պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը:








