Իր երկարամյա եւ բեղուն աշխատանքային գործունեությունն ավարտեց Գիտական գրադարանի վարիչ տիկին Հասմիկ Ադամյանը: Նրան հաջողություն մաղթելու եւ իրենց սրտի խոսքն ասելու համար 2-րդ մասնաշենքի ընթերցասրահում էին հավաքվել գործընկերներն ու հարազատները։
Համալսարանի գիտխորհրդի որոշմամբ տիկին Ադամյանը երկարամյա բերեխիղճ աշխատանքի, գրադարանային գործի արդյունավետ կազմակերպման համար պարգեւատրվել է շնորհակալագրով եւ ՀԱԱՀ ոսկե մեդալով: Ռեկտոր Ուռուտյանի անունից պարգեւները հանդիսավոր կերպով տիկին Ադամյանին հանձնեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը:
Պարոն Զաքոյանը շնորհակալություն հայտնեց տիկին Ադամյանին երկարամյա անբասիր աշխատանքի, ուսանողների, երիտասարդ աշխատակիցների հանդեպ հոգատարության համար եւ հույս հայտնեց, որ այսուհետ էլ նա իր տարիների փորձը կփոխանցի երիտասարդ աշխատակիցներին եւ իր խորհուրդներով կաջակցի նրանց՝ շարունակելու համար գրադարանի արդիականացման գործընթացը:
Հասմիկ Ադամյանի երկարամյա վաստակը ըստ արժանվույն գնահատեցին նաեւ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը եւ համալսարանի արհեստակցական կազմակերպության նախագահ Աննա Աղաջանյանը։
Տիկին Ադամյանը շնորհակալություն հայտնեց իր աշխատանքը գնահատելու, նաեւ պարգեւների համար: Նա նշեց, որ շատ խնդիրներ հաղթահարվել են համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանի աջակցությամբ, որի համար շնորհակալություն հայտնեց նրան: Տիկին Ադամյանը նշեց, որ Ագրարայինում վերջին տարիներին հսկայական դրական տեղաշարժ է արձանագրվել ռեկտոր պարոն Ուռուտյանի գլխավորությամբ:
Հասմիկ Ադամյանի՝ մեր բոլորի սիրելի տիկին Հասմիկի պարգեւատրման եւ բառիս խորքային իմաստով վաստակած հանգստի ճանապարհելու սրտառուչ արարողությանը ներկա էին նաեւ նրա զավակները։