Ռեկտոր, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հրաչյա Զաքոյանը ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սուրեն Թովմասյանի հետ այսօր՝ փետրվարի 17-ին կայացած հանդիպման ժամանակ նշեց, որ Ագրարային համալսարանի ուսանողները պետք է ուժեղ լինեն իրենց մասնագիտության ասպարեզում: Այս կարգի ձեռնարկներն իրապես նպաստում են, որ ուսանողներն ավելի նպատակասլաց ու խելամիտ կյանքի կոչեն իրենց ձգտումներն ու երազանքները, հասկանան այն առավելությունները, որ տալիս է իրենց ընտրած մասնագիտությունը: Չէ որ պատեհ առիթ էր ընձեռվել ոլորտի զարգացման միտումների, բարեփոխումների, աշխատանքի հնարավորությունների մասին տեղեկանալ հենց ղեկավարից: Իսկ բուհի համար հատկապես շոյիչ է, որ մասնագիտական հանրության եւ ուսանողների հետ հանդիպումների շարքը պարոն Թովմասյանը սկսեց Տերյան 74-ից:
Ագրարայինը բուհերից առաջինն է, որ աշխատանքային կիսամյակի համակարգը ներդրեց, երբ ավարտական կուրսի ուսանողների համար ուսումնական տարվա առաջին կիսամյակն ամբողջությամբ մասնագիտական փորձուսուցման-աշկերտության շրջան է, եւ տեսական գիտելիքը փորձով ամրակայելու բացառիկ հնարավորություն են ստացել: Պարոն Թովմասյանը ներսից եւ գերազանց է ճանաչում բուհական համակարգը, ուստի բարձր գնահատեց այս նորամուծությունը, համոզված, որ ավելի լայն հնարավորություն կտա, որ գործատուն հստակեցնի ապագա մասնագետների գիտելիք-հմտություններին ներկայացվող պահանջները. կրթական ծրագրերը կշահեն, եթե դրանցում արտացոլվեն արտադրության պահանջներն ու առաջընթացի տեսլականը:
Վերջին տարիներին ահռելի փոփոխություններ են կատարվել ԿԿ-ում՝ ԱՏՏԵ-ի ներդրում, նորագույն ծրագրակազմեր, որոնց շնորհիվ աշխարհի հետ համընթաց-արժանապատվորեն քայլելու հնարավորություն ունենք: Կոմիտեի պատասխանատվության եւ գործառույթների շրջանակն ընդգրկուն է՝ անշարժ գույքի գնահատում, գրանցում, էլեկտրոնային շտեմարանի ստեղծում, կադաստրային արժեքի վերանայում, գեոդեզիական եւ քարտեզագրական, տարածական տվյալների համակարգի ներդրում, օրենսդրական կարգավորումների լավարկում: Տեսանելի ապագայում հանրությանը կներկայացվի ազգային գեոպորտալը:
Հարցերը շատ էին, պատասխանները՝ սպառիչ: Մեր հյուրը հատկապես ուսանողների հարցերն էր կարեւորում, որոնց շնորհիվ, դարձյալ կրկնենք՝ նրանք մասնագիտության ասպարեզում ավելի ուժեղ դառնալու ուղիղ-հրաշալի հնարավորություն էին ստացել:
















