– 2021 թ․ վերջին, ՀԱԱՀ Գյուղմեքենայացման եւ ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտի՝ Ձեր ղեկավարած Դաշտավարության եւ անասնապահության մեքենայացման բաժնի գիտաշխատողներ՝ ԳԱԱ իսկական անդամ Արշալույս Թարվերդյանի, տ․գ․թ․ Ալբերտ Գրիգորյանի եւ ճարտարագետ-նախագծող Վաչագան Կարապետյանի հետ ներկայացրեցիք ծառերի միջբնային տարածությունների հողամշակման երկու ֆրեզ՝ ավանդական եւ ինտենսվ այգիների համար։ Դրանք առանձնանանում են դյուրօգտագործելիությամբ, արդյունավետությամբ, քարքարոտ հողային պայմաններին հարմարվածությամբ, մատչելիությամբ եւ անվտանգությամբ։ Ինչ «ճակատագիր» ունեցան Ձեր ստեղծած մեքենաները, կա՞ հետաքրքրություն ֆերմերներից կամ այլ շահառուներից։
– Շնորհակալ եմ մեր գիտական հետազոտության ձեռքբերումների մասին խոսելու հնարավորություն ընձեռելու համար, հատկապես, որ դրանք կիրառական արդյունքի միտված հետազոտության շրջանակում են մշակվել։
Պետք է նշեմ, որ այդ մեքենաներից մեկը, որը նախատեսված է ավանդական տեխնոլոգիայով մշակվող այգիների հողամշակման համար, ներկայում շահագործվում է Արմավիրի համայնքներից մեկում, տվյալ ծրագրի համաֆինանսավորողներից մեկի այգում։ Դա շատ լավ սկիզբ էր մեզ համար, եւ օգտվելով առիթից, խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել առհասարակ բոլոր այն կազմակերպություններին, որոնք, դրսեւորելով բարձր մասնագիտական ու մարդկային արժանիքներ, ընդառաջել են մեզ եւ մեզ նման գիտական թիմերին, հավատացել են գաղափարին եւ կանգնել են գիտնականի կողքին՝ գիտահետազոտական ծրագրերի կայացման ամբողջ ընթացքում։
Ինտենսիվ այգիների դեպքում բավականին հետաքրքրություն կա տնտեսավարողների շրջանում։ Սակայն, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, գիտական թեմաների շրջանակում պատրաստված մեքենաները, պրոդուկտները առեւտրայնացման առումով հավելյալ ուժերի կենտրոնացում են պահանջում։ Կատարելով հետազոտական աշխատանքի բոլոր փուլերը՝ մշակում-նախագծումից մինչեւ համակարգչային մոդելավորում, տեսական հաշվարկներից մինչեւ արտադրական փորձարկումներ, ժամանակ չի մնում անդրադառնալ մեքենայի առեւտրայնացման հարցերին։ Դրա լավագույն հնարավորությունը արտադրական փորձարկումներն են, որոնք, սակայն, կարիք ունեն մարկետինգային գործիքների համադրման։
– 2022-ին Ձեր թիմը ԲՏԱ նախարարության եւ Հանրային հեռուստաընկերության «Գաղափարից դեպի բիզնես» ծրագրի շրջանակում շահած դրամաշնորհով պատրաստել է ինտենսիվ տեխնոլոգիայով մշակվող այգիների եւ խաղողի այգիների հողամշակման համար ֆրեզ մեքենայի արտադրական փորձանմուշ։ Պատրաստել եք նաեւ մերձբնային եւ միջբնային տարածությունների խոտհնձիչ մեքենա։ Ի՞նչ աշխատանքների համար է նախատեսված ֆրեզը եւ ի՞նչ փուլում եք հիմա առհասարակ ստեղծված մեքենաների առեւտրայնացման հարցում։
– Այո, մեր թիմի ներկայացրած ծրագիրը 2021 թ․ հաղթեց «Գաղափարից դեպի բիզնես» ծրագրում՝ որպես հեռանկարային գաղափար։ Ծրագրով հատկացված ֆինանսական միջոցները ամբողջությամբ պլանավորված էին այնպես, որ հզորացնենք մեր նախագծած մեքենաների պատրաստման շղթայում առկա բացերը, փորձեինք որոշակիորեն ինքնակազմակերպվել համալսարանական տարածքում եւ աստիճանաբար հասնենք այն մակարդակին, որ մշակված մեքենաներն ու փորձանմուշները, իրենց հիմնական կազմամասերով հանդերձ, պատրաստենք եւ հավաքենք մեզ մոտ։ Սա առեւտրայնացման ճանապարհին ամենակարեւոր փուլն է՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ-ում գործող մեխանիկական արտադրամասերը նեղ մասնագիտացված են, եւ գիտական ոլորտից եկող պատվերների հանդեպ առանձնապես հետաքրքրվածություն չեն դրսեւորում, եւ գործը կազմակերպվում է անձնական կապերի, ծանոթությունների միջոցով։
Մեքենաները իրենց ֆունկցիոնալությամբ եւ կատարած աշխատանքով տարբեր են՝ մերձբնային տարածքների հողամշակում եւ խոտածածկ հատվածի հնձում։ Դրանք նախորդներից տարբերվում են նաեւ շարժաբերման սկզբունքով․ մեր մեքենաները հիդրոմեխանիկական շարժաբերմամբ են, որը բարձրացնում է դրանց ճկունությունը, շահագործման անվտանգությունը եւ այլն։ Հողամշակման ֆրեզը արտադրական ինտենսիվ փորձարկումների փուլում է։ Խոտհնձիչ մեքենան դեռ չի փորձարկվել՝ պայմանավորված ընթացիկ հետազոտական եւ արտադրական աշխատանքների գերծանրաբեռնվածությամբ․ այն կփորձարկենք առաջիկայում։
Առեւտրայնացման բուն գործընթացը սկսվում է հաջողված փորձարկումներից հետո միայն․ հաջող փորձարկումը մեզ վստահություն եւ բարոյական իրավունք կտա առաջարկել մեր հայրենակից (ուզում եմ լիահույս լինել, որ մոտ ապագայում՝ նաեւ արտասահմանյան) շահառուներին հայրենական արտադրության, գոհացնող որակի եւ բարձր արտադրողականության հողամշակ մեքենա։ Վստահ ենք՝ կհաջողենք։
– Կարո՞ղ ենք արձանագրել, որ մասնավորապես Ձեր ստեղծած, արդիական չափորոշիչներին բավարարող մեքենաներով Ագրարային համալսարանը հայրենական գյուղատնտեսական մեքենաշինության վերածննդի հիմք է նախապատրաստում կամ արդեն նախապատրաստել է։ Եւ առհասարակ ապագայի համար ի՞նչ պլաններ կան։
– Չցանկանալով ինքնագովեստով հանդես գալ, պարզապես վերլուծելով վերջին երեք տասնամյակների ընթացքը եւ ձեռքբերումները մեքենաշինության ոլորտում, որտեղ գիտական միտքը, կառուցվածքա-նախագծային պրոֆեսիոնալ լուծումները մեկտեղվելով արդյունք կտային, կարող ենք արձանագրել, որ ունենք սաղմնային վիճակ, որը հավելյալ ուշադրության, պետական հոգածության եւ կազմակերպվածության պարագայում կդառնա գյուղմեքենաշինության եւ առհասարակ մեքենաշինական արտադրության ոլորտում մեր վաղեմի ու լավ ավանդույթների վերածննդի հիմքը։
Մենք մեր հերթին այդ ապագայի հիմքերը փորձում ենք ամուր դնել, գիտակցելով, որ սկիզբը որքան էլ բարդ է, նույնչափ ոգեւորիչ եւ ստեղծագործական բավականություն պարգեւող։ Հիմնականում Գիտության կոմիտեի եւ ոլորտի շահառուների աջակցությամբ իրականացվող դրամաշնորհների միջոցով ենք հագեցնում մեր համեստ հետազոտական լաբորատորիաները նոր սարքերով, ձեւակերպում բավականին հավակնոտ խնդիրներ, փորձում դրանք կյանքի կոչելով, դանդաղ, բայց հաստատակամորեն առաջ գնալ։ Մեծ բավականություն ենք ապրում թե մենք, թե մեր համաֆինանսավորող ընկերները, գործընկերները, երբ մեր հողի վրա, մեր իսկ գաղափարները կյանքի կոչելով՝ նպաստում ենք ոլորտում որեւիցե աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, հեշտացնում գյուղացու ծանր առօրյան եւ աշխատանքը, ստեղծում հավելյալ արդյունք մեր հայրենիքում։
Փորձելու ենք ինքնակազմակերպվել եւ մեր մշակումները նյութականացնել մեր ուժերով, համալսարանական լաբորատորիաներում։ Ձեւակերպել այն լուծումները, որոնք կհեշտացնեն մեր գաղափարների առեւտրայնացման հարցը եւ երկխոսությունը շահառուների հետ։ Ծավալուն փորձարկումներ ենք պլանավորում նաեւ առաջիկա տարվա համար։ Ունենք նոր գաղափարներ եւ սպասում ենք նոր հնարավորությունների՝ դրանք իրականացնելու համար։
- 23/08/2023
- 2023