Սեպտեմբերի 16-ին լրացավ գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով նախկին պրոռեկտոր Յուրի Գիգոլի Մարմարյանի ծննդյան 80-ամյակը։ Անասնաբուծության եւ ընդհանրապես գիտության եւ կրթության երախտավորի հոբելյանին պատշաճ կերպով է արձագանքել Ագրարային համալսարանի ղեկավարությունը՝ պրոֆեսոր Մարմարյանին շնորհելով համալսարանի Ոսկե մեդալը։
Ագրարային կրթության եւ գիտության բնագավառում մեծ ավանդի համար ստացած ՀԱԱՀ Ոսկե մեդալը եւ շնորհակալագիրը ռեկտոր Վարդան Ուռուտյանի անունից, որը բացակայում էր երկրից, պրոֆեսոր Մարմարյանին հանձնեց ուսումնական գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը։ Միջոցառումը մեկնարկեց լռության րոպեով, որով ներկաները հարգանքի տուրք մատուցեցին եռօրյա պատերազմում զոհված հայ հերոս զինվորների հիշատակին։
«Հայրենիքը նաեւ գիտությամբ ու կրթությամբ է հզորանում եւ այս առումով անգնահատելի է այդ ոլորտի այնպիսի երախտավորների վաստակը, ինչպիսին պարոն Մարմարյանն է»,- ասաց պրոռեկտոր Զաքոյանը։ Նա համալսարանի շրջանավարտների, ուսանողների ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորեց պրոֆեսոր Մարմարյանին՝ ծննդյան տարեդարձի եւ վաստակած պարգեւի համար եւ մաղթեց առողջություն եւ երկար տարիների ստեղծագործ աշխատանք։
Պրոֆեսորի վաստակն ու հոբելյանը ըստ պատշաճի գնահատեց նաեւ համալսարանի արհեստակցական կազմակերպության նախագահ Աննա Աղաջանյանը։
Հոբելյարին նվիրված ջերմ, սրտառուչ խոսքեր հնչեցրին Տաիրա Պապոյանը, Ալբերտ Վարդանյանը, Պարույր Էֆենդյանը, Գագիկ Սանթրոսյանը, Տիգրան Չիթչյանը, Գարեգին Համբարձումյանը, Անժելա Սահակյանը, պրոռեկտորներ Հրաչյա Ծպնեցյանը, Արամ Հովհաննիսյանը եւ Մարիամ Մովսիսյանը, դեկաններ Արման Սիմոնյանը, Արմենակ Տեր-Գրիգորյանը եւ Արեւիկ Աբովյանը։ Բոլորի խոսքում արժեւորվեցին պարոն Մարմարյանի մեծ վաստակը, նրա հետ եւ նրա ղեկավարության ներքո աշխատելու բավականությունն ու նրա դպրոցը, որպես մանկավարժի, կրթական գործի կազմակերպչի եւ որպես գիտնականի մեծ ավանդը այսօր գործող բազմաթիվ դասախոսների ու գիտնականների կայացման գործում, համալսարանի հետ անցած ուղին եւ նորօրյա զարգացումներից անմասն չմնալը։
Շնորհակալություն հայտնելով համալսարանի ղեկավարությանը եւ իր գործընկերներին պարգեւի համար, պրոֆեսոր Մարմարյանն ասաց․ «Մեր բուհն ինձ համար սրբություն է։ Ես այստեղ կայացել եմ որպես մասնագետ եւ դրա համար խորապես շնորհակալ եմ բոլորին, որոնք դեր են խաղացել այդ կայացման գործում՝ սկսած իմ ուսուցիչներից մինչեւ իմ բազմաթիվ ուսանողները»։
Պրոֆեսոր Մարմարյանը շարունակում է ակտիվ գիտական գործունեությունն ու կիրառական նշանակության ծրագրերի իրականացումը։ Վերջին տարիներին Շիրակի մարզում նրա ղեկավարությամբ իրականացվող տոհմային համակողմանի աշխատանքների շնորհիվ, որոնց ակտիվորեն ներգրավվում են համալսարանի ուսանողները, այսօր Հայաստանում ունենք արտերկրից բերված եւ տեղական ցեղատեսակների այծերի խաչասերման միջոցով ստացված նոր ցեղատեսակ, որը կաթնատվության՝ մեր երկրի համար աննախադեպ բարձր ցուցանիշներ է ապահովում։