Հունիսի 19-25-ը Հողային եւ ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, գ.գ.դ., պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը, նույն ամբիոնից՝ տ.գ.թ., դոցենտ Նաիրա Ալոյանը եւ Սերյոժա Կարապետյանը ԳեոՏակ ծրագրի շրջանակում այս անգամ գործուղման էին մեկնել Շվեդիա՝ Ստոկհոլմի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ:
Քննարկումների թեման էր «Նորարարությունն ու ձեռներեցությունը երկրատեղեկատվական համակարգերի միջոցով»: Դասախոսությունների, գործնական պարապմունքների ընթացքում մանրակրկիտ դիտարկվել է գիտելիքի եռանկյունին՝ կրթություն-հետազոտություն-նորարարություն եռամիասնությունը: Մասնավորապես դիտարկել-վերլուծել են նորարարություն եւ ձեռներեցություն, բիզնես մոդելներ, հաճախորդների եւ շուկայի վերլուծություն դրվագները:
Ծրագրով նախատեսվում էր, որ բոլոր երկրներից մասնակիցները պետք է պլան-առաջարկներ, կենսունակ ծրագրեր ստեղծեն եւ ներկայացնեն: Մեր եռյակը մտահղացել է Agri Trade հարթակ ստեղծելու գաղափարը: Սա առցանց մի տարածք կլինի, որտեղ ի մի կգան-կհանդիպեն գյուղմթերք արտադրողներն ու սպառողները: Իրագործման դեպքում, անշուշտ, երկու կողմն էլ հաստատապես շահեկան իրավիճակում կհայտնվի:
Մերոնք ներկայացրել են նաեւ ագարակատերերին խորհրդատվություն մատուցող առցանց հարթակ ստեղծելու առաջարկը, որը նախկինում շատ զորեղ-գործուն Ագրոգիտասփյուռի նմանությամբ՝ ժամանակակից ՏՏ համակարգերի հնարավորությունները օգտագործելու շնորհիվ, անսխալ ճանապարհ կարող է դառնալ:
Շվեդական հյուրընկալ կողմը մասնակիցների համար պատրաստել էր նաեւ մշակութային ընդարձակ ծրագիր, որը ճերմակ գիշերների հետ միասին մի յուրօրինակ, անմոռանալի հուշ է դարձել: