Հոկտեմբերի 29-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Վիպեկո Արմենիա ընկերության տնօրեն Արա Հակոբյանը հուշագիր են ստորագրել մի շարք ուղղություններով գործակցության վերաբերյալ։
2015 թ․ հիմնադրված Վիպեկո Արմենիան ունի տարածաշրջանում միակ բարձր տեխնոլոգիաներով հագեցած մանրէաբանական արտադրամասը։
Հուշագրի ստորագրումից առաջ Ագրարային համալսարանի պատվիրակության համար պարոն Հակոբյանը եւ ընկերության մյուս ղեկավարները կազմակերպեցին շրջայց, որի ժամանակ ներկայացվեց մանրէաբանական ֆերման եւ փորձարարական տնտեսությունը, որը հագեցած է տարբեր տեսակի միկրոօրգանիզմների մշակման եւ աճեցման համար նախատեսված ժամանակակից սարքավորումներով եւ տեխնոլոգիաներով:
Հանդիպման ընթացքում գործընկերները քննարկել են համագործակցության ուղղությունները՝ ուսանողների փորձուսուցումներ, դասախոսների վերապատրաստում, գիտական համատեղ հետազոտություններ, Վիպեկո Արմենիա ընկերության արտադրանքի համատեղ փորձարկումներ ՀԱԱՀ ուսումնափորձարարական տնտեսություններում, ՀԱԱՀ-ում շուտով շահագործման հանձնվելիք B-on կենսատեխնոլոգիական ինկուբատորում Վիպեկո Արմենիայի մասնագետների առաջարկած հետաքրքիր գաղափարների փորձարկումներ եւ այլն:
Ագրարային համալսարանը բարձր է գնահատում Վիպեկո Արմենիա ընկերության հետ գործակցության այս հնարավորությունը՝ առհասարակ ժամանակակից աշխարհում կենսատեխնոլոգիաների եւ ագրոտեխնոլոգիաների դերի կարեւորության եւ դրանց զարգացման ուղղությամբ մեր համալսարանում ձեռնարկվող ծանրակշիռ քայլերի համատեքստում։