ՀԱԱՀ քոլեջը գործակցում է Կլիմայի կանաչ հիմնադրամի հետ

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» նախագծի ներկայացուցիչները հոկտեմբերի 8-ին հանդիպել են ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում ծրագրի ներկայացուցիչները խոսել են Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության առումով առկա խոցելիության, ռիսկերի, ազդեցությունների եւ հարմարվողականության հնարավոր միջոցառումների մասին:

Հյուրերը քոլեջի ուսանողներին եւ քոլեջի գրադարանին նվիրեցին կլիմայափոխության վերաբերյալ գրքեր, քուիզներ եւ խաղեր, ներառյալ՝ էլէկտրոնային տարբերակներով: Նպատակը ուսանողներին կլիմայի փոփոխության մասին իրազեկ պահելն է: Առաջիկայում թեմայի վերաբերյալ մրցույթ կհայտարարվի, որին կարող են մասնակցել դպրոցականները եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողները: Քոլեջի դասախոս Լիանա Խաչատրյանը մրցույթը լավ հնարավորություն է համարում մեր ուսանողների համար՝ աչքի ընկնելու ստացած եւ ստանալիք գիտելիքներով:

Ուսանողների հետ հանդիպումը կազմակերպվել էր նախորդիվ քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանի եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: Այդ հանդիպումը նույնպես արդյունավետ է եղել. ուսանողների շրջանում կլիմայի փոփոխության հարմարվողականության թեմաների վերաբերյալ իրազեկության բարձրացման հնարավորություններից բացի, քննարկվել են նաեւ քոլեջի կրթական ծրագրերում կլիմայի փոփոխության հարմարվողականության թեմաները ներառելուն, ինչպես նաեւ դասախոսական կազմի համար ԿՓ թեմաներով վերապատրաստումների կազմակերպմանն առնչվող հարցեր: