Երեկ՝ նոյեմբերի 29-ին, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը որպես բանախոս մասնակցել է «Գիտուժ» նախաձեռնության առաջին մեծ խորհրդաժողովին՝ «Հայաստանի գիտատեխնոլոգիական եւ նորարարական ազգային համակարգ. խնդիրներից դեպի վերածնունդ» խորագրով։ Խորհրդաժողովը մեկ հարթակում միավորել էր գիտական, կրթական եւ տեխնոլոգիական հանրության ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանի գիտատեխնոլոգիական եւ նորարարական համակարգի զարգացման հեռանկարներին, հետազոտահեն կրթական միջավայր ստեղծելուն, հումանիտար եւ հասարակագիտական գիտությունների զարգացմանը, գիտության առևտրայնացմանը վերաբերող հարցեր։
Խորհրդաժողովին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, պետական հատվածի, գիտական, կրթական եւ տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ։
Պանելային քննարկումներից մեկը նվիրված էր Հայաստանի համալսարանների եւ գիտական հաստատությունների գիտական ներուժին։ «Գիտությունը համալսարաններում եւ ինստիտուտներում. առկա ներուժ եւ ապագայի պահանջներ» խորագրով քննարկմանը, ՀԱԱՀ ռեկտորից բացի, մասնակցել են նաեւ Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը, ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, ԳԱԱ ներկայացուցիչներ։ Քննարկման առանցքում էին կրթական հաստատություններում առկա ներուժի զարգացմանը, հետազոտահեն կրթական միջավայրի ստեղծմանը, գիտատեխնոլոգիական զարգացման ճանապարհին խոչընդոտների հաղթահարմանն առնչվող եւ հարակից հարցեր։
Խորհրդաժողովի ավարտին ամփոփվել են Հայաստանում գիտական Էկոհամակարգի զարգացմանն ու գիտության հանրայնացմանն աջակցող «Գիտուժ» նախաձեռնության անցած ճանապարհը, ձեռքբերումները եւ անելիքները:
- 30/11/2023
- 2023