Մարտի 8-ի գեղեցիկ, իմաստալից ու բնության զարթոնքն ազդարարող տոնը պատեհ առիթ է արժեւորելու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գործընկերուհիների, ուսանողուհիների եւ, ընդհանրապես, ագրոպարենային ոլորտում դերակատարում ունեցող կանանց կատարած աշխատանքը։
Միավորված ազգերի կազմակերպությունը 2026-ը հռչակել է կին ագարակատերերի տարի, իսկ Կանանց միջազգային օրվա նշանաբան է ընտրել «Իրավունք։ Արդարություն։ Գործողություն»։ Այս երկու կարեւոր իրադարձությունները վկայում են մի կողմից ոլորտում կանանց վճռորոշ դերակատարության, մյուս կողմից՝ կանանց իրավունքների եւ նրանց հանդեպ արդար ու տղամարդկանց հետ իրավահավասար վերաբերմունքի ուղղությամբ գործողությունների անհրաժեշտության մասին։
Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այս գործողությունները վաղուց են կատարվել․ այստեղ կանայք՝ մեր դասախոսները, գիտնականները, ուսումնաօժանդակ ստորաբաժանումների աշխատակցուհիներն ու ուսանողուհիները գնահատված ու սիրված են։ Նրանք են համալսարանում իրականացվող շարունակական բարեփոխումների շարժիչ ուժը, մեր բոլորի ամենօրյա հայրենանվեր ու ոչ դյուրին աշխատանքի հուսալի ուսընկերը։
Հարգելի գործընկերուհիներ, սիրելի ուսանողուհիներ, սրտանց շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա առթիվ, մաղթում, որ շարունակեք ձեր պատվաբեր առաքելությունը Ագրարային համալսարանում, մնաք գնահատված ձեր աշխատանքում եւ ուսման մեջ, ազդեցիկ՝ մասնագիտական ու հանրային կյանքում եւ երջանիկ՝ ձեր անձնական կյանքում։






